Home / Հայաստան / «Աններելի է». ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է D.I.Y.-ի պայթեցումը

«Աններելի է». ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է D.I.Y.-ի պայթեցումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երևանի D.I.Y. ակումբի  պայթեցումը, ինչպես նաև ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները: Այս մասին ասված է դեսպանատան կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ:  Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը:  Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է:  Ատելության դրսևորումները չպետք է երբևէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել ևս՝ գովաբանվեն:  Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ և վճռականորեն  դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների և Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաև կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը», – ասված է հայտարարության մեջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նաև հիշեցնում է, որ այսօր Վաշինգտոնում Պետքարտուղար Քլինթոնը կհրապարակի Մարդու իրավունքների 2011թ. տարեկան զեկույցները, որոնք հանդուրժողականության կոչ են անում բազմազանության բոլոր տեսակի դրսևորումների հանդեպ՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների և սկզբունքների վրա: