Home / Հայաստան / ««Ճշտով» չէր լինի». Հմայակ Հովհաննիսյանը բացատրել է` ինչու չի վերցնում մանդատը

««Ճշտով» չէր լինի». Հմայակ Հովհաննիսյանը բացատրել է` ինչու չի վերցնում մանդատը

ԲՀԿ-ի համամասնական ցուցակում 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, քանի որ հայաստանյան իրականության մեջ գործում են ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ:

«Ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:

Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում և «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցիալի և ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը», – ասված է Հմայակ Հովհաննիսյանի տարածած հայտարուրության մեջ:

Նրա խոսքով` եթե ինքն այնքան ապաշնորհ է գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունի, ապա պարտավոր էր տեղը զիջել ընդունակներին և շնորհալիներին:

«Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցուներին,  սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: Ուստի, գիտակցելով ձեր առջև պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից և հայտարարել ինքնաբացարկ:

Ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր ծանրակշիռ վստահության համար:

Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված», – հայտարարությունը եզրափակում է Հովհաննիսյանը: