Home / Տեսանյութեր / Բնապահպանները տասնյակ խախտումներ են գտել ոսկու շահագործման վերաբերյալ ծրագրում

Բնապահպանները տասնյակ խախտումներ են գտել ոսկու շահագործման վերաբերյալ ծրագրում

Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ընկերության ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի)» ծրագիրը կազմվել է ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով:  Այս մասին ահազանգում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը:

Տարածած հաղորդագրության մեջ նախաձեռնությունը առնվազն 20 խախտումների շարքում առանձնացրել է այն, որ ընկերությունը չի տրամադրում ստույգ տեղեկատվություն, թե ինչ հեռավորության վրա է գտվում հանքը բնակավայրից, քանի մարդ է այդ համայնքում ապրում և ինչն է նրա ապրուտի միջոցը, կան տարածքում արդյոք Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսերինչպե՞ս է տեղափոխվելու և պահվելու հանքավայրի պայթեցման համար նախատեսված 60 տոննա պայթուցիկը: Դրա հետ կապված ռիսկերին ընդհանրապես անդրադարձ չկա:

ՇՄԱԳ ծրագիրը ուսումանսիրած բնապահպանները անհանգստացած են նաև ջրային ռեսուրսների վրա ազդեցության հետևյալ ձևակերպումը, թե «Անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը մեծամասամբ` շնորհիվ շրջանցող առվակների և կյուվետների, հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ հանքի խորոչները լցվող հոսքերը հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը»:

«Նախ, եթե հեռացվում են առանց աղտոտվելու, ո՞ւր են հեռացվում, ո՞ր առուներն ու վտակներն են լցվում: Երկրորդ, արդյո՞ք 24 հա տարածքում հնարավոր է անձրևւաջրերի և ձնհալքի հոսքերի կառավարում այնպես, որ դրանք չարտահոսեն: Շրջանցող առվակների և կառուցվելիք կյուվետների թվի ու տեղադրության մասին ՇՄԱԳ-ում ոչինչ չկա»,- հարցադրումներ են անում բնապահպանները և նշում, որ եթե հաշվի առնել այն փաստը, որ հետագայում գործարկվելու է նաև հարստացման ֆաբրիկա, որի ազդեցության մասին ոչ մի խոսք չկա ՇՄԱԳ-ում, ապա միանշանակ այս ծրագրի իրագործումն անթույլատրելի է: