Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը բանակում զոհված զինվորների մայրերին խոստացել է օգնել

Ռուբեն Հայրապետյանը բանակում զոհված զինվորների մայրերին խոստացել է օգնել

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովի ընդունարանի մուտքի մոտ մոտեցել են ԱԺ 5-րդ գումարման 1-ին  նիստին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ծնողները պատգամավորին հակիրճ ներկայացրել են իրենց որդիների սպանության պատմությունները, ցույց են տվել նրանց խոշտանգված լուսանկարները ու խնդրել են օգնել իրենց՝ բացահայտել սպանությունները:

«10 տարի ապրել ենք Ռուսաստանում, այդքան այլազգիների մեջ, մեզ ոչ ոք չվնասեց, եկանք Հայաստան, քանի որ տղաս լսել էր Սերժ Սարգսյանի ելույթն ու ոգեշնչված ասաց, որ անպայման գնալու է ծառայելու հայոց բանակում: Եկանք Հայաստան, որդիս գնած ծառայության, ու սպանեցին Կարճաղբյուրի զորամասում: Լավ, գոնե մեկին պատժեին, հանգստանայինք ու խաղաղվեինք, փոխարենը բոլոր  մեղավորների պաշտոնները բարձրացրին», – ասել է 2007-ին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Հայրապետյանը լսել է ծնողների բողոքն ու նշել, որ ինքը բառեր չի գտնում արտահայտվելու ու շատ լավ է հասկանում ծնողների կսկիծը:

«Դուք հայի այն կարևոր ու լավ տեսակն եք, հասկանում եմ, շատ ծանր է ու  ես դժվարանում եմ այս պահին ինչ-որ բան ասել, փոխարենը խոստանում եմ օգնել, քանի որ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ եմ ու անպայման բարձացնելու եմ այս հարցը:  Կփորձեմ ամեն ինչ անել», –  հայտարարել է Հայրապետյանը:

Գոհար Սարգսյանը, դիմելով Հայրապետյանին, ասել է.

«Որպես մարդ, որպես պատգամավոր ձեզ էլ, բոլորին էլ շատ լավ ենք ճանաչում, թողեք մենք էլ այս ազգից լինենք, ի վերջո մենք այսօր պայքարում ենք ձեր, մյուսի ու բոլորի երեխաների համար, միևնույնն է մեր երեխաների վերադարձնել չենք կարող: Թող մարդասպանը պատասխան տա, սա է մեր պահանջը»: