Home / Տեսանյութեր / Բնակիչները մի քանի օրով ստիպված են լքել սեփական տունն առևտրի կենտրոնի պատճառով

Բնակիչները մի քանի օրով ստիպված են լքել սեփական տունն առևտրի կենտրոնի պատճառով

Արշակունյաց 32 հասցեում կառուցվող զվարճանքի և առևտրի կենտրոնի կառուցապատման պատճառով վտանգի տակ են հարակից տները: Այսօր ավելի վաղ Epress.am-ը զրուցել էր կառուցվող շինության կից տների բնակիչների հետ, ովքեր ներկայացրել էին իրավիճակը:

Հոդվածի հրապարակումից հետո Կույբիշև, 9/3 տան բնակչուհի Թամարա Մինասյանը մեզ տեղեկացրել է, որ իրենց տանը ճաքեր են գոյացել, իսկ տան տակի հողի մի շերտն արդեն պոկվել է և սողանք է առաջանում:

Այդ մասին տեղեկանալով՝ շինարարություն իրականացնող «Շենտավր» ընկերության ղեկավար Գարեգին Մկրտչյանն այս տան բնակիչներին հորդորել է հինգ-վեց օր չգտնվել իրենց տներում՝ մինչ փորման աշխատանքների ավարտը՝ խոստանալով, որ այս ընթացքում իրենք կվերականգնեն վնասված հատվածը:

Այժմ շինարարության հարակից տան բնակիչները, մտավախություն ունենալով իրենց կյանքի համար, դուրս են եկել իրենց սեփական տնից: Նրանք նշում են, որ, դատելով տան տակ առկա փոսից, չի բացառվում, որ վաղն այդ տունն ամբողջությամբ քանդվի: