Home / Հայաստան / Հայաստանցի փաստաբանները պատրաստվում են գործադուլի. նրանց բողոքները մերժվել են

Հայաստանցի փաստաբանները պատրաստվում են գործադուլի. նրանց բողոքները մերժվել են

Ավելի քան 120 փաստաբաններ հունիսի 11-ին գործադուլ կանեն` ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող կամայական գործելակերպի:

Epress.am-ի հետ զրույցում նախաձեռնության մասնակից փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ գործադուլը վերջին հնարավորությունն է, որ փաստաբանները կարող են օգտագործել, քանի որ իրենց բազում բողոքները տարբեր դատական գործերով մերժվել են: Հայկ Ալումյանի խոսքով` նախաձեռնողները Վճռաբեկի բանականության կանխավարկածով են առաջնորդվում և առայժմ չեն ծրագրել` ինչ են անելու, եթե գործադուլն էլ արդյունք չտա:

«Փաստաբանների պալատը հայտարարում է, որ հայտնի են վճռաբեկ բողոքները վերադարձվելու բազմաթիվ դեպքեր, երբ ճիշտ նույն չափանիշներին համապատասխանող մեկ այլ սուբյեկտի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել, և նույնիսկ եթե բացառվի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու փուլում կոռուպցիոն երևույթների առկայության վարկածը, ապա Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները առնվազն չեն փարատում այն անձանց կասկածները, ովքեր հակված են մտածելու, որ այդ երկակի մոտեցումների հիմքում կոռուպցիան է: Կա ևս մեկ խնդիր. Սահմանադրությամբ կոչված լինելով ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը` հենց ինքն է հաճախ անտեսում իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումները, իսկ երբեմն կայացնում իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ՝ առանց պատճառաբանելու, թե ինչո՞ւ է շեղվում սեփական նախադեպերից»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ: