Home / Հայաստան / Գները սահմանվում են Սերժ Սարգսյանի կաբինետում. տնտեսագետը թանկացումներ է կանխատեսում

Գները սահմանվում են Սերժ Սարգսյանի կաբինետում. տնտեսագետը թանկացումներ է կանխատեսում

Փորձագետները կանխատեսում են, որ 2013 թվականին մեկ դոլարի գինը կկազմի 500 դրամ, իսկ 2014-ին` 531 դրամ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է   Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Խոսելով դրամ-դոլար հարաբերակցության փոփոխությունների մասին` նա նշել է, որ այն ունի իր և’ դրական, և’  բացասական կողմեր: Դրական կողմն այն է, որ  արտահանողների համար դա ձեռնտու է, որովհետև արտահանողը վճարում է իր արտադրանքի դիմաց, և այդ  դոլարը փոխարժեքով դրամի ավելի մեծ զանգված է  կազմում, և քանի որ իր ծախսերի մի մասը ներքին շուկայում է կատարվում դրամով,  հետևաբար այդ զանգվածի մեծությունը իրեն ձեռնտու է: Տրանսֆերտների դեպքում բնակչության համար նույնպես լավ է:  Բացասական կողմերն այն են, որ  դոլարի գնի փոփոխության դեպքում ներմուծվող ապրանքների գներն են բարձրանում:

Հանդիպմանը ներկա Հայ Ազգային Կոնգրեսի  ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կանխատեսումներ անելը  շատ վտանգավոր է համարել, քանի որ  Հայաստանն անկանխատեսելի երկիր է: Նա ներկայացրել է մի քանի թիվ, համաձայն որոնց` Հայաստանի կառավարությունը  տնտեսագիտության բոլոր տեսական  մոտեցումներին և դատողություններին հակառակ է աշխատում:  Խաչատրյանը նշել է, որ պարզ է, որ դոլարը իսկապես պետք է արժևորվեր, որովհետև նախ Կենտրոնական բանկի  պահուստներն են պակասել 350 միլիոն դոլարով, երկրորդը` արտահանման  ծավալները թեև մեծացել են,  բայց բոլոր նախատեսված  ակնկալիքները չկան:

«Կանխիկ դրամի քանակությունը մեծանում է, նշանակում է` գների բարձրացում կլինի: Հայաստանում գների բարձրացում տեղի չունեցավ: Սա նշանակում է, որ մեզ մոտ շուկայական մեխանիզմներ չեն աշխատում, մեզ մոտ գների սահմանումը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կաբինետում: Այնտեղ են որոշում` գինը որքան սահմանեն»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Խոսելով դոլարի գնի մասին` նա նշել է, որ այս պահին դոլարի գինը  410-412 դրամ է,  ներքև իջնելու շարժառիթներ չկան, բայց ՀՀ տնտեսությունը կարիք ունի ներդրումների, քանի որ  ներդրումային վիճակը վատացել է:

«Առանց այն էլ մենք ռիսկային գոտում ենք: ՀՀ սահմանների այս քանի օրվա պատերազմական վիճակը  նշանակում է, որ ոչ մի բիզնեսմեն այստեղ ներդրում չի անելու: Ինչ ներդրող էլ կար` էլ չի գալու: Էս վիճակում գտնվող ցանկացած երկրի համար փրկությունը մեկն է` բարենպաստ պայմաններ ներդրումների համար: Եթե Հայաստանը իսկապես մտածում է զարգացման մասին, առաջին հերթին իր քաղաքական խնդիրները պետք  լուծի,- նշել է Խաչատրյանը:

Նա նաև համոզված է, որ գները առաջիկա 10-15 օրվա մեջ պետք են բարձրանան, և բացատրել է, ինչու գները մինչ այսօր չեն բարձրացել:

«Ոչ թե նրա համար, որ շուկայում մեխնաիզմ է աշախատում` առաջարկ-պահանջարկի. դա չի: Ոչ էլ նրա համար, որ մարդիկ սկսել են քիչ ուտել: Իրականում  մեծ ճնշումներ կան իշխանույթունների կողմից, մինչև ամսի 20-ը` մինչև մեր «շատ սիրելի» կառավարությունը ձևավորվի. դրանից հետո կսկսեն: Մեզ մոտ բոլոր խնդիրները լուծվում են այդպես»,- հավելել է տնտեսագետը: