Home / Հայաստան / Դրամա, ուրախություն, ողբերգություն, Բերեզովսկի. Եվրո-2012-ի գրավիչ մեկնարկը

Դրամա, ուրախություն, ողբերգություն, Բերեզովսկի. Եվրո-2012-ի գրավիչ մեկնարկը

Հունիսի 8-ին Լեհաստանում մեկնարկած Եվրո-2012-ն առաջին իսկ վայրկյաններից դրամատիկ պահեր պարգևեց ֆուտբոլասերներին:

Արդեն իսկ մեկնարկային Լեհաստան-Հունաստան խաղում հանդիսատեսներն ու հեռուստադիտողները տեսան ֆուտբոլային «մենյույի» գրեթե ողջ տեսականին` գոլեր, կարմիր և դեղին քարտեր, չիրացված 11-մետրանոց: Եվ սա այն պարագայում, երբ հանդիպման սկիզբը չէր խոսում այն մասին, որ դրաման կարող է կայանալ: Դաշտի տերերը` Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները, միանգամից անցան վճռական գործողությունների, մեկնարկում մեծ առավելություն ստացան, և արդեն 17-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը:

Լեհերը, կարծես, խաղում հաղթելու առումով խնդիրներ չպետք է ունենային, սակայն ամեն ինչ կտրուկ փոխեց… Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի երկրորդ դեղին քարտը: Լեհաստանը, որը մինչ այդ խաղային առավելություն ուներ, դեռևս առաջին խաղակեսում նաև թվային գերակշռություն ստացավ և… դադարեց խաղալ` կարծելով, որ ամեն ինչ վճռված է:

Հույները, հասկանալով, որ կորցնելու ոչինչ չունեն, երկրորդ խաղակեսի սկզբում մոբիլիզացրեցին ուժերը, և Սալպինգիդիսի հարվածի շնորհիվ հավասարեցրեցին հաշիվը: Հոգեբանական առավելություն ստանալով` նրանք շարունակեցին գրոհել և 11-մետրանոց վաստակեցին: Այդ պահին Հայաստանում շատերը հիշեցին, որ 9 օր առաջ մեր հավաքականի հետ ընկերական խաղում հույները չիրացրեցին 2 հարված, 2 դեպքում էլ հիանալի խաղաց հայաստանցիների դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով սկզբում որսաց, իսկ հետո հետ մղեց գնդակը:

Այս անգամ փայլեց Լեհաստանի դարպասապահ Պրեմիժսլավ Տիտոնը, ով խաղադաշտ դուրս եկավ, քանի որ 11-մետրանոցի դրվագում կարմիր քարտ էր ստացել Լեհաստանի ընտրանու հիմնական դարպասապահ, Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող Վոյցեխ Շչեսնին:

Տիտոնի հերոսական ցատկը և հետ մղված գնդակը հերթական անգամ արձանագրեցին, որ Հունաստանի հավաքականի կազմում 11-մետրանոց իրացնելու հետ լուրջ խնդիրներ կան: Հայաստանի դեմ խաղում ձախողվեցին Յորզոս Սամարասն ու Կոստաս Կացուրանից, այս անգամ անհաջող խաղաց թիմի ավագ Յորղոս Կարագունիսը` բոլորն էլ փորձառու խաղացողներ:

Հույները հասցրեցին ևս մեկ գնդակ խփել, սակայն մրցավար իսպանացի Վելասկո Կարվալյոն չարձանագրեց դարպասի գրավումը` ավելի վաղ խախտում նկատելով հույների կողմից:

Դրամատիկ, իրադարձություններով լի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով, որից, կարծես, պետք է ավելի գոհ լինեին հույները: Դժվարին առաջին խաղակեսից հետո նրանք հանկարծ ֆուտբոլային հարություն առան երկրորդում, իսկ լեհերը, ընդհակառակը, ամբողջովին ձախողեցին իրենց համար հիանալի մեկնարկած հանդիպումը:

Խմբի երկրորդ խաղում Ռուսաստանի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց չեխերին: Հանդիպման ելքը մեծ հաշվով վճռվեց առաջին 24 րոպեների ընթացքում, երբ Ձագոևն ու Շիրոկովը երկու գոլի հեղինակ դարձան: Երկրորդ կեսում չեխերը կրճատեցին հաշվի տարբերությունը Պիլարժի ջանքերով, սակայն հանդիպման վերջնամասում Ձագոևն ու Պավլյուչենկոբ ևս երկու գնդակ խփեցին, իսկ նրանց երկրպագուները սկսեցին տոնել մեկնարկային հաղթանակը լեհական Վրոցլավում:

Չեխերը, ում հետ Հայաստանի ընտրանին հանդիպելու է գալիք ընտրական փուլում, բավական թույլ պաշտպանություն ունեցող թիմի տպավորություն թողեցին: Թեև առջևում նրանք փորձում էին ակտիվություն դրսևորել, պաշտպանությունում ունեցած խնդիրները ճակատագրական դարձան: Չէր փրկում «Չելսիում» հիանալի մրցաշրջան անցկացրած դարպասապահ Պետր Չեխը: Եթե ռուսատսանցիները միայն ուրախության առիթ ունեին, ապա Չեխիայի ընտրանու և այդ հավաքականի երկրպագուների համար մեկնարկը ողբերգական էր. պաշտպանությունում նման խաղով Եվրո-2012-ում թիմն անելիք չունի, հատկապես, եթե հաշվի առնել, որ չեխերն ընգրկված են կազմով ամենաթույլ խմբում:

Լուսանկարները` REUTERS և GETTY IMAGES գործակալությունների