Home / Հայաստան / Հայ երկրպագուները Ռուսաստան – Չեխիա խաղի ժամանակ հիշեցրել են Գոնսալեսի մասին

Հայ երկրպագուները Ռուսաստան – Չեխիա խաղի ժամանակ հիշեցրել են Գոնսալեսի մասին

Հայաստանի հավաքականի երկրպագուներ Ժան Բաղիյանը և Սուրեն Թովմասյանը յուրահատուկ ակցիա են նախաձեռնել Եվրո-2012-ի շրջանակներում երեկ Լեհաստանում կայացած Ռուսաստան-Չեխիա հանդիպումից առաջ:

Վրոցլավ մեկնած երկրպագուները բացել են հայկական դրոշը և պաստառ, որի վրա պատկերված է Հայաստանի ազգային հավաքականը և իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, ով, ըստ երկրպագուների, զրկել է Հայաստանին Եվրո-2012-ին մասնակցելու հնարավորությունից, երբ Իռլանդիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսում` 0:0 հաշվի ժամանակ, չնկատելով իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսի ձեռքով խաղը, անհիմն կարմիր քարտ է ցույց տվել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

Հայաստանցիների պաստառի վրա պատկերպված է Գոնսալեսը` կարմիր քարտը ձեռքին, իսկ նկարի տակ անգլերենով գրված է. «Հայաստանի ազգային հավաքական: Մենք այստեղ ենք!!! Անկախ ամեն ինչից!!!»:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է Ժան Բաղիյանը, ակցիային անդրադարձած կայքերից մեկի զրույցում իրենք ասել են, որ թեև Հայաստանի ազգային ընտրանին չի մասնակցում առաջնությանը և իրենք ընդամենը երկուսով են մեկնել Լեհաստան, այնուամենայնիվ, իրենք ցանկանում էին ընդգծել, որ Հայաստանը ներկայացված է Լեհաստանում: Նրանց նպատակն էր նաև հիշեցնել, որ Հայաստանի հավաքականը բացակայում է մրցաշարին՝ «շնորհիվ» իսպանացի մրցավարի: