Home / Տեսանյութեր / Դիմորդները բողոքարկում են արդյունքները. շտեմարանում մի պատասխան է, ԳԹԿ կայքում` այլ

Դիմորդները բողոքարկում են արդյունքները. շտեմարանում մի պատասխան է, ԳԹԿ կայքում` այլ

Քննական կարգի համաձայն, երեկ հրապարակվեցին հայոց լեզու և հայ գրականություն առարկայի` հունիսի 5-ին կայացած պետական ավարտական և միասնական քննության արդյունքները: Իսկ այսօր, նույն կարգի համաձայն, առավոտյան 9-ից մինչև 18-ը բողոքարկման գործընթացն է նախատեսված:

Ինչպես հաղորդում է aravot.am-ը, ժամը 14:00-ի դրությամբ ԵՊՀ քննակենտրոնում բողոքարկել է 2 դիմորդ, թիվ 14 հիմնական դպրոցում ձևավորված քննակենտրոնում՝ ևս 2-ը: ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն aravot.am-ին հայտնել է, որ մարզերից դեռևս բողոքարկումների վերաբերյալ տեղեկատվություն չեն ստացել:

Թիվ 14 դպրոցի քննակենտրոնի բողոքներն ընդունող օպերատոր և ԳԹԿ ներկայացուցիչ Վահան Գառգալոյանի խոսքով` 2 դիմորդներն էլ բողոքարկել են թեստ 1-ինի N 22-ի առաջադրանքի վերանայման պահանջով: Բանն այն է, որ շտեմարանում առաջադրանքը այլ պատասխան ունի, իսկ ԳԹԿ-ն քննության ավարտից հետո ուրիշ պատասխան է տեղադրել իր կայքում: