Home / Հայաստան / Վրացի ընդդիմադիր միլիարդատիրոջը տուգանել են մոտ 80 մլն դոլարով

Վրացի ընդդիմադիր միլիարդատիրոջը տուգանել են մոտ 80 մլն դոլարով

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 11-ին ավարտել է Վրաստանի վերահսկողական պալատի վարչական գործով դատական լսումներն ընդդեմ միլիարդատեր Բիդզինա Իվանիշվիլիի և վճռել է տուգանել միլիարդատիրոջը 126,2 մլն լարիի չափով (մոտ 77,5 մլն դոլար), լրագրողներին հաղորդել է Իվանիշվիլիի փաստաբանը:

Հունիսի 7-ին Վերահսկողական պալատը մեղադրել էր Բիդզինա Իվանիշվիլիին քաղաքական նպատակներով «Վրացական երազանք» կոալիցիային ֆինանսավորելու, դրա գործունեությանը աջակցելու, միաժամանակ իրեն պատկանող ընկերությունների միջոցով օրենքով սահմանված կանոնակարգը շրջանցելու նպատակով հակաօրինական սխեմաներ օգտագործելու մեջ: Մասնավորապես, խոսքը գնում էր արբանյակային ալեհավաքների տրամադրման և կոալիցիային մեքենաներով ապահովելու մասին, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Իվանիշվիլիի փաստաբանները համաձայն չեն որոշման հետ և մտադիր են վիճարկել այն: «Դատարանը մեր կողմից ոչ մի միջնորդություն չի ընդունել: Թբիլիսիի դատարանի համար գոյություն ունի միայն մեկ կողմ` Վերահսկողական պալատ, նրան չեն հետաքրքրում ապացույցները, դատարանը պատրաստ է պաշտպանել նրա (Վերահսկողական պալատ) ցանկացած որոշում»,-լրագրողներին հայտնել է փաստաբան Էկա Բեսելիան:

Նրա խոսքով` դատարանի որոշումը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված:

Նշենք, որ Բիդզինա Իվանիշվիլին հավակնում է դառնալ երկրի նախագահ: Նա համարվում է գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնական հակառակորդը: