Home / Հայաստան / Օսկանյանին հրավիրել են ցուցմունք տալու. կասկածում են փողերի լվացման մեջ

Օսկանյանին հրավիրել են ցուցմունք տալու. կասկածում են փողերի լվացման մեջ

Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը նախկին արտգործնախարար, իսկ այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օկանյանին որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իրեն և իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը: Այս մասին ասված է Օսկանյանի տարածած հայտարարության մեջ:

Պատգամավորը նշում է, որ հիմնադրման օրվանից՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան.

Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ, ինչի մասին, ըստ Օսկանյանի, չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները:

«Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,-ասված է հայտարարության մեջ: