Home / Հայաստան / Զուրաբյանը բացատրել է` ինչու է ՀԱԿ-ը հանրահավաքներ անելու

Զուրաբյանը բացատրել է` ինչու է ՀԱԿ-ը հանրահավաքներ անելու

Եթե Հայաստանում անցնեին ազատ և արդար ընտրություններ, եթե մայիսի 4-ին, 5-ին, 6-ին չբաժանվեր ընտրակաշառք, մարդկանց չահաբեկեին և չտանեին պարտադրանքով քվեարկելու, այդ դեպքում Կոնգրեսը կունենար առնվազն 40-50 պատգամավոր Ազգային ժողովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա բացատրել է, թե ինչու է Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու հանրահավաքները: Հիշեցնենք, որ գալիք հանրահավաքը կկայանա հունիսի 26-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում:

«Մայիսի 3-ին մեր ընտրական կամպանիան հասել էր բավական լուրջ հաջողությունների և այդ հաջողությունները հնարավոր դարձավ ի չիք անել միայն պետականորեն կազմակերպված այս հանցագործության շնորհիվ», – ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով` եթե ՀԱԿ-ը ստանար մանդատների վերոնշյալ քանակը, ապա պատրաստ կլիներ դադարեցնել հանրահավաքային պայքարը, որովհետև ամբողջ քաղաքական պայքարը կտեղափոխվեր ԱԺ:

«Եվ իսկապես կարող էր դառնալ դասական առումով խորհրդարանական ընդդիմություն, բայց քանի որ դա չկատարվեց, և իշխանությունների հանցագործ գործողությունների պատճառով ընդամենը յոթ հոգի մտավ պառլամնետ, դա նշանակելու է, որ մենք զուգորդելու ենք խորհրդարանական պայքարը  հանրահավաքային պայքարի հետ», – ասել է Լևոն  Զուրաբյանը:

Նա նաև նշել է, որ հունիսի 26-ին իրենք բավական լուրջ ասելիք կունենան ժողովրդին, ու հավելել, որ իրենց  պայքարը բոլոր սահմանադրական միջոցներով, հանուն Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատաման շարունակվում է:

Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ կառուցվածքային առումով Կոնգրեսի կառույցները պետք է դառնան պատգամավորական գրասենյակներ, որտեղ քաղաքացիները փնտրելու են իրենց օրինական շահերի պաշտպանությունը, և ՀԱԿ-ի  7 պատգամավորները պատրաստ են այդ ծանր բեռը տանել: