Home / Տեսանյութեր / Հայաստանը նահանջել է, բայց տարածաշրջանում ամենախաղաղն է

Հայաստանը նահանջել է, բայց տարածաշրջանում ամենախաղաղն է

Նախորդ տարվա համեմատ 2012-ին աշխարհն ավելի խաղաղ է դարձել, չնայած Սիրիայում առկա հակամարտությանն ու Եվրոպայում հասարակական անկարգություններին: Այս մասին է վկայում ավստրալա-ամերիկյան Տնտեսության և խաղաղության ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից այսօր հրապարակված Համաշխարհային խաղաղության ցուցիչի (Global Peace Index) աղյուսակը:

Աշխարհն ավելի խաղաղ է դարձել շնորհիվ աֆրիկյան երկրների լարվածության թոթափման: Սա վերջին 2 տարվա ընթացքում համաշխարհային մակարդակով խաղաղության ցուցանիշի առաջին բարելավումն է:

158 երկրներում խաղաղության մակարդակը ուսումնասիրող փորձագետները  դիտարկել են 23 տարբեր կետեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են խաղաղության պահպանմանը,  մասնավորապես` հասարակական անկարգությունները, կալանավորների թիվը, ռազմական ծախսերը, քաղաքական անկայունությունը, ահաբեկչական գործողությունները:

Խաղաղության ցուցանիշով Հայաստանը առաջադար դիրք է գրավում տարածաշրջանում` զբաղեցնելով 115-րդ տեղը: Հայաստանն իր դիրքերը զիջել է 5 կետով: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը 153 երկրների շարքում 110-րդն էր: Ըստ Համաշխարհային խաղաղության ցուցիչի` Իրանը 128-րդն է,  Ադրբեջանը` 132-րդը, Վրաստանը 141-րդը, Թուրքիան՝ 130-րդը: 158 երկրների շարքում Ռուսաստանը 153-րդն է:

Բացառությամբ Միջին Արևելքի, աշխարհի բոլոր մյուս տարածաշրջանները բարելավել են խաղաղության մակարդակը: Ամենածանր վիճակում է, իհարկե, Սիրիան, որն իր դիրքերը զիջել է 30 կետով` դառնալով աշխարհի 147-րդ ամենախաղաղ երկիրը: Աշխարհի ամենավտանգավոր վայր շարունակում է մնալ Սոմալին: Աֆղանստանը  նախավերջին տեղում է: