Home / Տեսանյութեր / Բալետի ժամանակ բեմին իսկական կարապներ են հայտնվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բալետի ժամանակ բեմին իսկական կարապներ են հայտնվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզում ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Լյուկ Պետոնը ներկայացրել է «Կարապ» բալետը, որի ընթացքում Le Guetteur պարային խմբի հետ միասին բեմ են բարձրացել նաև իսկական կարապներ: Ներկայացման շուրջ աշխատանքները տարվում էին մոտ երկու տարի:

Թեև «Կարապը» հիշեցնում է «Կարապի լիճ» դասական բալետը, սակայն դրա խմբագրումը չէ, այլ օրիգինալ բեմադրություն է: Բեմին հայտնվում են ինչպես սև, այնպես էլ սպիտակ կարապներ, որոնք բեմադրության առաջին մասում լողում են ջրային փոքրիկ ավազանում, որը խորհրդանշում է Սթիքս գետը: Բալետի պրեմիերան կայացել է հունիսի 6-ին ազգային Շայո թատրոնի բեմում:

Պարային խումբն ու խորեոգրաֆն աշխատել են կարապների հետ երկու տարի առաջ` նրանց ծնվելու օրից: 2010 թվականի ամռանը պարողները հերթով ժամանակ էին անցկացնում թռչունների հետ, կերակրում էին, զրուցում նրանց հետ: Առաջին խորեոգրաֆիկ ուսուցումը թռչունները ստացել են այն ժամանակ, երբ ապրում էին Փարիզի ագարակներից մեկում: Գլխավոր խնդիրը նրանում էր, որ կարապները սովորեին պարողների շարժումներին:

Այժմ Պետոնի խումբը պատրաստվում է մեկնել Գերմանիա և Շվեյցարիա` ներկայացնելու նորարարական բալետը: