Home / Հայաստան / Հելսինկյան ասոցիացիայի դիտորդի դեմ քրեական գործը հաշվեհարդար է. Դանիելյան

Հելսինկյան ասոցիացիայի դիտորդի դեմ քրեական գործը հաշվեհարդար է. Դանիելյան

Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի դեմ առաջադրված  մեղադրանքը միանշանակ կազմակերպության և անձամբ Վեզիրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում է: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

«Չգիտեմ` ինչ ընթացք կստանա այս գործը, բայց իշխանություններն էլի հնարավորություն ստացան Հելսինկյան ասոցիացիայի դեմ ճնշում գործադրել:

Սա իշխանությունների կողմից հերթական արշավն է այլախոհության դեմ, իսկ Արման Վեզիրյանը թիրախ է եղել իշխանությունների համար: Վեզիրյանը այն մարդկանցից է, որ 2008 թվականից  մեզ հետ աշխատում է, մարտի 1-ի բոլոր դատավարություններին մասնակցել է, ընդդիմության բոլոր հանրահավաքներին մասնակցել է, նա Հելսինկյան ասոցիացիայի կայքի ֆոտոլրագրողն է: Ինքն այդքան անօրինականություններ է տեսել, և ավելի ծանր պահերին ոստիկանները նրան ձեռք չէին տալիս, որովհետև ոստիկանները շատ լավ ճանաչում էին Արմանին, գիտեին, որ նա անկախ երիտասարդ է, ով աշխատում է  Հելսինկյան ասոցիացիայում: Այժմ իշխանություններն ուզում են մեր կազմակերպության հետ հաշվեհարդար տեսնել»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ Վեզիրյանի գործով քննիչը  առաջարկել է բողոքը հետ վերցնել, սակայն  Արման Վեզիրյանը բողոքը հետ չի վերցրել, որից հետո նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Առաջադրված մեղադրանքը կապված է ապրիլի 30-ին Սեդրակ Սարգսյանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետ:

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան բնակիչ` Տիգրան Մանուկյանը, և սկսել է  բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 118 (ծեծ) հոդվածով:

Այնուհետև հունիսի 12-ին Շենգավիթի ոստիկանության քննչական բաժնի հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) ավագ քննիչ Կամո Շառոյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), ինչպես նաև որոշում է կայացրել որպես խափանման միջոց կիրառել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: