Home / Հայաստան / Եզդի մայրը նետվում էր Սերժ Սարգսյանի մեքենայի տակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Եզդի մայրը նետվում էր Սերժ Սարգսյանի մեքենայի տակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

2011 թվականի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանն այսօր վաղ առավոտյան Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցանկացել է իրեն նետել աշխատանքի ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեքենայի տակ:

Կարինե Ամոյանը՝ մի խումբ ազգականների ու 2 տարեկան թոռնիկի հետ, բողոքի ակցիա էր անցկացնում նախագահականի մոտ:

Ակցիայի մեկնարկին Ամոյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը  պատրաստվում է բենզինով լիքը շիշը լցնել իր վրա ու ինքնահրկիզվել  նախագահական նստավայրի մոտ, քանի որ կալանքի տակ գտնվող որդին որոշել է կարել բերանը՝ ի նշան բողոքի:

«Ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին, ու ինձ հիմա պետք ա լսի,  դրա համար էլ  եկել եմ, որ նախագահն իմ հարցին լուծում տա: Այս հողը եզդիներինը չէ, մենք այստեղ զուլում ենք քաշում, թող թողնեն՝ եզդիները գնան-հանձնվեն թուրքերին, իմ երեխուց էն կողմ բան չունեմ: Էրեբունիից շպրտեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ու ոչ մի բուժում չեն անում, էրեխուս գժվացնում են, անգամ տեսակցություն թույլ չեն տալիս: Բա սա երկի՞ր ա, ինչու պիտի մնամ էս երկրում, եթե էս տեսակ  անարխիա ա, գնանք թուրքերի մեջ, ջհանդամը, թե չենք կոտորվի», – ասել է Ամոյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին հսկող ոստիկաններն արգելել են կանանց   կանգնել ճանապարհին՝ պատճառաբանելով, որ նախագահի ավտոշարասյունն անցնելու է կայծակնային արագությամբ, ու  կարիքի դեպքում անգամ չեն հասցնելու արգելակել մեքենաները:

«Վերևը կանգնի, որ անցնի, տենա քեզ», – հորդորել են ոստիկանները, ովքեր ամեն կերպ փորձել են մայթեզրից հեռացնել  բողոքող կանանց:

«Ես ըստեղ եմ կանգնելու, հերիք ու բոլ ա արդեն, եթե տեղ չտաք, ոտքերի տակով էլ կանցնեմ ու ինձ կգցեմ մեքենայի տակ, մի բրդեք,  բացեք տեսադաշտս, թող տեսնի», –  հակադարձել է բորբոքված կինը:

Ավելի ուշ, մոտեցող ավտոշարասյունը տեսնելով, բողոքող կանայք՝ «նախագա՛հ, նախագա՛հ»  բղավելով ցանկացել են նետվել մեքենաների տակ, սակայն ոստիկանները նրանց հեռացրել են ճանապարհից:

Չնայած ոստիկանների արգելքներին՝ ավտոմեքենաների  անցնելուց  հետո, Ամոյանը՝ «նախագա՛հ, նախագա՛հ» վանկարկումներով վազքով գնացել է դեպի  նախագահական նստավայրի հետնամուտքը: Մի շարք ոստիկաններ փորձել են փակել ճանապարհը, սակայն կանայք հասել են մինչև հետնամուտքի դարպասներն ու պահանջել Սերժ Սարգսյանին դուրս գալ:

«Լա՞վ էր, որ ընտրեցինք, լա՞վ էր, դե հիմա դուրս արի, պատասխանի, հերիք եղավ, կոտորվեցինք, երեխու վիճակը վիճակ չի, բա մայր ա, աչքին արդեն բան չի երևում», –  ասել  է Քյարամ Ամոյանի մորաքույրը՝ Գյուլնարան:

«Բա մեր  նախագահն ա, իրավունք չունե՞մ տեսնեմ», – բղավել է մայրը՝ հարվածելով   նստավայրի դարպասներին:

«Ոստիկաններն ինձ շրջապատեցին, չթողեցին անելիքս անեմ», – կրկնել է Ամոյանը:

Քիչ ուշ, ինքնազգացողությունը կտրուկ վատացած  կնոջն օգնություն են ցուցաբերել, ինչից հետո նրան է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանն ու Ամոյանին հրավիրել է նախագահի Վերահսկողության ծառայության բաժին, որտեղից որոշ ժամանակ անց դուրս եկած բողոքող մայրը Epress.am-ի թղթակցին պատմել է, որ իրեն ներսում լսել են ու պահանջել տղայի բոլոր բժշկական փաստաթղթերը:

«ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ Հովսեփ Փանոսյանը խոստացել է ամենաշատը 3 օրվա ընթացքում պատասխան տալ», – ասել է Ամոյանն ու հույս հայտնել, որ վերջապես կկարողանա բուժել տղային:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ՝Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Ամոյանն ասել է, որ  նախագահական նստավայր է եկել մի պահանջով՝ 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել որդուն, ով ծայրահեղ ծանր վիճակում  գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Մոր խոսքով՝ իրենք պատրաստ են պատշաճ բուժում ստանալուց հետո որդին պատրաստ է կանգնել արդարադատության առջև:

Մոր կարծիքով` Քյարամն անմեղ է, դա են ապացուցում մի շարք փաստեր, մասնավորապես, այն, որ Քյարամի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ:

«Երեխուս փետրվարի 6-ին արյան զեղում-ինսուլտով տարել են «էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, 21 օրից տեղափոխեցին ՑԲ-ի հիվանդանոց (Կալանավայրերի վարչության կենտրոնական հիվանդանոց): Տղաս սարսափելի վիճակում էր, ոչ կարողանում էր խոսել, ոչ ինքնուրույն քայլել, անգամ չէր կարողանում պետքարան գնալ, այդ վիճակում 10 օր մնալուց նորից վեշի պես տարան, շպրտեցին բերդ: Որտեղ  դիմել եմ, ասել են՝  տիկին, տղայիդ վիճակը ստաբիլ է, մի անհանգստացեք: Մայիսի 25-ին տղայիս կրկնակի ինսուլտ-արյան զեղումով  նորից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք,  այնտեղից էլ՝ Դատապարտյալների հիվանդանոց», – պատմել էր մայրը: