Home / Տեսանյութեր / Ինչպես արգելել մարմնավաճառությունը հասարակական վայրերում. քննարկում

Ինչպես արգելել մարմնավաճառությունը հասարակական վայրերում. քննարկում

Հասարակության առողջությունն ամենակարևոր խնդիրն է, ու այդ խնդրի արմատներում ընտանիքն է. այն ամենը, ինչը վնասում է ընտանիքին, վնասում է նաև հասարակության շահերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով  հասարակական վայրերում մարմնավաճառների առկայության մասին ՝ նման  կարծիք է հայտնել Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Մեր չափանիշներն են հասարակության մեջ խառնվել, ու սա դրա արդյունքն է: Կա կապ, կա  ֆինանսական շահագրգռվածություն, ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, երբ ոստիկաններն իրենք են մարմնավաճառներին տանում ոստիկանություն, ինչեր են անում և նկարահանում տեսախցիկով: Ուրեմն կա կապ, կա շահագրգռվածություն, այստեղ չկա իրավունք, այստեղ կա բացարձակապես հասարակության դեմ ուղղված կեղտոտ խաղ, ու թքած ունենք հասարակության վրա», – նշել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ հասարակության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ապրել խաղաղ ու հարմարավետ պայմաններում՝ անկախ նրանից, թե ինքը որ վարչական շրջանում է բնակվում:

«Եկեք դուրս չգանք հասարակական վայրի շրջանակից ու ազդեցությունից: Երբ որ մենք գնահատում ու արժևորում ենք հասարակությունը, հասկանում ենք, որ հասարակության հետ ամեն օր պետք է զբաղվել և նաև դաստիարակել: Չի կարող ամեն ինչ մատնել ինքնահոսի, ամեն բան ունի փչանալու հատկություն», – նշել է արվեստագետը՝ ավելացնելով, որ հասարակական վայրը բոլորի տունն է, ու խորհուրդ է տվել միջոցներ ձեռնարկել՝ մարմնավաճառներին հասարակական վայրերից հեռացնելու համար:

«Օրենքով շատ հանգիստ կարելի է դա անել, իսկ ով որ չի կանխում այս երևույթը, ուրեմն նրան դա պետք է: Ինչո՞ւ, ասենք, կարելի է լուծել Հանրապետության հրապարակում ազդանշաններն արգելելու հարցը, իսկ հասարակական վայրերում անբարոյական դրսևորումներին վերջ տալը հնարավոր չէ լուծել», – նշել է Բաբայանը:

Հանդիպման այլ մասնակից, արվեստագետ Լևոն Իգիթյանն էլ հնարավոր տարբերակներ  է առաջարկել՝  հասարակական վայրերից մարմնավաճառներին հեռացնելու  վերաբերյալ:

«Դրա համար փայտեր պետք չեն, բոլոր հավաքատեղերն ու մարդաշատ վայրերը պետք է մինչև գիշերվա կեսը շատ լավ լուսավորված լինեն ու միջոցառումներ անցկացնեն նմանատիպ վայրերում, որպեսզի դիսկոմֆորտ ստեղծվի նման մարդկանց համար: Պետք է փոխել վիճակն ու  այնքան հետևողական լինել, մինչև նման երևույթները կսկսեն նվազել», – ասել է Իգիթյանը:

Բանախոսները նշել են, որ այս հարցի լուծումը մեկ կամ երկու օրվա ընթացքում չի կարելի գտնել, ուղղակի պետք չէ աչք փակել, այլ մտածել ու հնարավոր լուծումներ գտնել՝ երևույթը կանխարգելելու համար: