Home / Հայաստան / Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը

Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը

«Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի է և որևէ արդարացում չունի: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, «Հարսնաքար» համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը:

Նա նշել է , որ միջադեպի հետևանքով ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մարդիկ, ովքեր առավել ևս նաև հայկական բանակի սպաներ են, բժիշկներ:

«Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ: Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ` միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վերհանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց և թափանցիկ: Լրատվամիջոցներից և լրագրողներից խնդրում եմ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, որոշների դեպքում նաև քաղաքական հանձնարարություններից, իրենց գնահատականներում և տեղեկություններում լինեն բացարձակ ճշգրիտ և չշահարկեն ստեղծված իրավիճակը: Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված և այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ, և անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան:

Ես մարդկայնորեն և անկեղծորեն ցավում եմ կատարված անթույլատրելի միջադեպի համար` միաժամանակ հասկանալով, որ դա չի փոխում իրերի վիճակը և հուսանք, որ միջադեպից տուժածների առողջության վերաբերյալ բժիշկների տեղեկությունները կլինեն լավատեսական», – նշել է Ռուբեն Հայրապետյանը: