Home / Հայաստան / «Ուզեք, թե՝ չուզեք». Աշոտյանը ընդդիմությանը կոչ է արել օգնել իրենց

«Ուզեք, թե՝ չուզեք». Աշոտյանը ընդդիմությանը կոչ է արել օգնել իրենց

Վերջին 5 տարիների ընթացքում կառավարություն եղել են 3, հետո՝ 3+1 քաղաքական ուժեր, որոնցից մեկը՝ ՀՅԴ-ն՝ երկու տարի, ԲՀԿ՝ հինգ տարի, ՕԵԿ-ը՝ չորս տարի: Ի՞նչ է նշանակում «ձախողված կառավարություն» եզրույթը այն մարդկանց դեպքում, որոնք 40-ից 100 տոկոս եղել են կառավարության գործունեության մեջ: Ի՞նչ է նշանակում «սկզբունքային տարաձայնություն ունեինք» արտահայտությունը, երբ  քաղաքական  ուժերից մեկը՝ ՀՅԴ-ն, ուներ սկզբունքային տարաձայնություն, արտահայտեց այն՝ լքելով կոալիցիան հայ-թուրքական արձանագրությունների  առիթով: Այս մասին այսօր ԱԺ-ի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր  արտահերթ ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ազնիվ էին այն գործիչները, որոնք ասում էին, որ դեմ չեն ծրագրին, այլ դեմ են կառավարությանը:

«Կառավարությունը ձևավորվել է  խորհրդարանական ընտրությունների արդյունքում, և ես շատ եմ խնդրում ձեզ՝  գալիք հինգ տարիների ընթացքում համակերպվեք ԱԺ ընտրությունների արդյունքների հետ, և փորձենք այս երկրի, մեր երկրի, ընդհանուր երկրի քաղաքացիներ, որոնք ունեն որոշումների կայացման վրա ազդեցության որոշակի հնարավորություն, օգնեն մեզ, որովհետև հակառակ պարագայում մեր ձախողման դեպքում ձախողվելու եք բոլորդ»,- ասել է  Աշոտյանը:

Խոսելով այն մասին, որ ԱԺ-ի իրենց գործընկերներն ասում են, որ խորհրդարանում նոր դեմքեր չկան, Աշոտյանն ասել է, որ քիչ է մնում՝ Դիոգենի նման լապտեր վառի և գնա նրանց շարքերում որոնի նոր դեմքեր:

«Ասում են` լավ ընդդիմություն չեք տեսել, անսովոր եք: Մի թերագնահատեք նախորդ խորհրդարանական ընդդիմության  դերը: Դա եղել է շատ լավ ընդդիմություն: Ուզում եմ խոսել նաև ռիսկերի մասին:

Օրինակ, եթե ոմանք ճիշտ գնահատեին ռիսկերը, ապա, ինտեգրված լինելով որոշակի աշխարհքաղաքական նախընտրություններ ունեցող քաղաքական ուժի մեջ, այլ ֆինանսական կենտրոններից գումարները ավելի ուշադիր կտնօրինեին, անփութորեն չէին տնօրինի եթե ռիսկերը ճիշտ տնօրինեին: Մեկ այլ քաղաքական ուժ էլ երրորդ խորհրդարանական խմբակցությունից չէր վերածվի ամենափոքր խմբակցություններից մեկի:

Տասնութ քաղաքական ուժեր համախմբելով՝ հազիվ հազ չէիք հաղթահարի յոթ տոկոս բարիերը և չէիք կորցնի այդ ընթացքում երեք կուսակցություններ՝ ափալ-թափալ քաղաքական ամուսնություն չէին ձևակերպի, և լիբերալներմ ու պահպանողականները մեկ քաղաքական ուժով հանդես չէին գա»,- հեգնել է Արմեն Աշոտյանը:

Դրանից հետո սակայն ԿԳ նախարարն ասել է, որ այս ծրագիրը իրականացնում են միասին՝ ուզեն, թե՝ չուզեն, ուստի՝ կոչ է արել օգնել իրենց:

«Իշխանությունը գալիք հինգ տարիների ընթացքում չունի այլընտրանq, ընդդիմությունը ունի այլընտրանք. դա քաղաքացիական հասարակության ձևավորվող ինստիտուտներն են, որոնց ձայնը երբեմն, իսկ գնալով ավելի հաճախ  ավելի լսելի է,  ավելի կոմպետենտ է, ավելի ազնիվ է, և իշխանությունը կարող է փոխել իր գործընկերոջը՝ երկրի տնտեսական, քաղաքական, հումանիտար օրակարգերը շտկելու  համար: Մենք ուզում ենք աշխատել խորհրդարանական ընդդիմության հետ, օգնե՛ք մեզ աշխատել ձեզ հետ, ես շնորհակալ եմ աջակցության համար և առողջ և անառողջ քննադատության համար, բոլոր դեպքերում կառավարությունն ավելի ուժեղ է դուրս գալու խորհրդարանական այս քննարկումներից»,- իր ելույթն այսպես է եզրափակել Աշոտյանը: