Home / Հայաստան / Գերմանական ֆուտբոլի դասերը. հույներն ընկան հզոր և գեղեցիկ մեքենայի տակ

Գերմանական ֆուտբոլի դասերը. հույներն ընկան հզոր և գեղեցիկ մեքենայի տակ

Եվրո-2012-ի երկրորդ քառորդ եզրափակիչ խաղում Հունաստանի հավաքականը ծանր աշխատանք էր տանում` փորձելով դիմակայել գերմանական մեքենային: Մինչև 2010 թվականը «գերմանական մեքենա» ասելով` հասկանում էինք ուժային, կազմակերպված ֆուտբոլ խաղացող մի թիմ, որը չէր խորշում յուրաքանչյուր մեթոդ օգտագործել հաղթանակի հասնելու համար: Սակայն ինչպես ֆրանսիական ֆուտբոլը տրանսֆորմացիայի ենթարկվեց 80-90-ականներին` օգտագործելով երկրի բազմազգ և բազմամշակութային իրականությունը, Գերմանիան դարի սկզբին նույնպես կտրուկ փոխեց մոտեցումները: Երկրում փոխվեց ֆուտբոլիստների պատրաստման մեթոդիկան, ակտիվորեն օգտագործվեց ազգությամբ ոչ գերմանացի, սակայն Գերմանիայի քաղաքացիների ներուժը, ինչը թույլ տվեց այլ ֆուտբոլ խաղալ:

Մինչ, օրինակ, Ռուսաստանում ներքին կարգով հաճախ արգելում են հավաքականում ընդգրկել ոչ ռուսներին, Մեսուտ Օզիլը, Սամի Խեդիրան, Լուկաշ Պոդոլսկին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ կտրուկ փոխում են Գերմանիայի ընտրանու դեմքը: Այս ամենին գումարվում Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզչի ճշգրիտ ընտրությունը, ով սեփական ֆուտբոլային հայացքն ու փիլիսոփայությունն ունի: Այսօր Գերմանիայի ընտրանին մոտենում է այն բարձունքներին, որտեղ այդ թիմը չէր եղել 1972 թվականից: Խոսքը ոչ միայն տեսանելի արդյունքի, հաշվի մասին է, ինչը Գերմանիայի համար երբեք խնդիր չի եղել, այլ այն խաղի, որը գերմանացիները ցույց են տալիս: Այդ խաղը երեք բառով կարելի բնութագրել` «հարձակվողական, գրավիչ ֆուտբոլ»: Ճիշտ այնպես, ինչպես 1972 թվականին Ֆրանց Բեկենբաուերի, Գյունտեր Նետցերի և Գերդ Մյուլերի ժամանակ:

Բացի այն, որ Գերմանիայի ընտրանին հարձակվողական ֆուտբոլ է խաղում, այդ թիմը գրոհելու բազամազանության դասեր է տալիս շատերին: Հունաստանի ընտրանու հետ խաղում գերմանացիները ցույց տվեցին թե ինչպես կարելի է հաղթահարել մի թիմի պաշտպանությունը, որը գերհագեցած է: Յոախիմ Լյովի տղաները օգտագործում էին անհատական վարպետությունը, հեռահար հարվածները, եզրային անցումները, կարճ փոխանցումներով էին ներխուժում տուգանային հրապարակ` երբեմն մրցակցի պաշտպանների մոտ գլխապտույտ ու անզորության զգացմունք առաջացնելով:

Այն, որ խաղն ավարտվեց 4:2 հաշվով, ընդամենը պատահականություն էր: Գերմանիայի ընտրանին մոտ 30 հարված կատարեց դեպի դարպասը, որոնցից 15` դարպասին, իսկ Ֆիլիպ Լամը և Սամի Խեդիրան անչափ գեղեցիկ գոլերի հեղինակ դարձան: Գերմանիայի ընտրանին ցույց տվեց հույներին, որ չնայած նրանց հակաֆուտբոլը հաղթել է 2004-ին, իսկ 2012-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում հաղթանակ է տոնել պաշտպանողական «Չելսին», ֆուտբոլն իրականում այլ ուղղությամբ է շարժվում, այն հետագծով, որը նախանշում են Գերմանիայի ընտրանու կամ «Բարսելոնայի» նման թիմերը:

Այժմ երկրպագուները Գերմանիայի խաղն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ են սպասում: Մասնագետների մոտ հարց է առաջանում, թե ով կարող է կանգնեցնել այս մեքենային, որը նախկինի նման հզոր շարժիչ ունի, բացի դա, գեղեցիկ դիզայն և կարող ուղևորներ: Իհարկե, կարգով ավելի բարձր թիմերն ունակ են դիմակայել Գերմանիային, ինչպես դա արեց Պորտուգալիան խմբային մրցաշարում, սակայն այժմ տպավորություն կա, որ գերմանացիներն անընդհատ ավելացնելու են, և նրանց կանգնեցնելն անչափ դժվար կլինի: