Home / Հայաստան / Գյուղացիները նախագահականի մոտ պահանջել են խոստացած պարարտանյութը. պատասխանը` երեք օրից

Գյուղացիները նախագահականի մոտ պահանջել են խոստացած պարարտանյութը. պատասխանը` երեք օրից

Այսօր Երևան եկած Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի թվով 50 բնակիչներ իրենց համայնքապետի հետ նախագահական նստավայր էին գնացել` պահանջելով իրենց հատկացնել փետրվար ամսին կառավարության կողմից գյուղացուն խոստացած պարարտանյութը: Պարարտանյութի դիմաց իրենք վճարել են դեռևս փետրվարին՝  մեկ պարկի դիմաց 6000 դրամ: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքող գյուղացիները պատմել են, որ իրենք վաճառել ու գրավ են դրել ոսկեղենն ու ապրուստի այլ միջոցներ:

«Երբ կառավարությունը հայտարարեց, թե պարարտանյութով ապահովելու է, մենք   մտածեցինք, որ այս տարի գոնե կկարողանանք հոգալ մեր խնդիրները: Միակ հույսը կարտոֆիլն ու հացահատիկն են, այն էլ արդեն շարքից դուրս են եկել՝ պարարտանյութի չլինելու պատճառով», – ասել են գյուղացիները:

Հիշեցնենք, որ փետրվարին կառավարությունը պետական աջակցության ծրագիր էր մշակել` գյուղացուն մատչելի գներով ազոտական պարարտանյութ տրամադրելու համար:

Բողոքող տղամարդիկ նշել են, որ իրենք ավելորդ ոչինչ չեն ուզում, այլ եկել են արդար պահանջով:

«20 պարկ սելիտրայի համար վճարել եմ 120.000 դրամ ու այսօր դատարկ նստել՝ համ բերքից զրկվեցինք, համ էլ պարարտանյութից: Բերքի մասին խոսակցություն լինել չի կարող, լրիվ շարքից դուրս է եկել, ասեք՝ ինչո՞վ վճարեմ վարկերը: Այսօրվա դրությամբ հացահատիկն առանց պարարտանյութ  վառվել- չորացել է, ընտանիք ունեմ, երեխաներ, էդ մեր ապրուստի միակ միջոցն էր, դրանից էլ պետությունը զրկեց», – ասել է Վահան Սարգսյանը:

Բողոքող գյուղացիները պատմել են, որ իրենք այսօր ճարահատյալ են հասել նախագահական նստավայր, սակայն հույս չունեն, որ հարցը լուծում կստանա:

«Մինչ օրս բազմիցս դիմել ենք Գավառի մարզպետարան, ասել են՝ սպասեք, մարզպետը կնշանակվի, կմտածենք, չե՞ն հասկանում, որ մեր սպասելով չէ, բերքին չես կարող սպասեցնել: Մենք ինչով ենք մեղավոր, որ իրենք մարզպետ են փոխում, ի՞նչ իմանանք՝ երբ են նշանակելու, կարող ա 4 ամիս ձգձգվի: Փողը ժամանակին մուծել ենք, թող բարի լինեն կատարել խոստումը», – ասել է Հունան Գրիգորյանը:

Ակցիայի մասնակիցները  հպարտությամբ փաստել են, որ Լճավանը մարզի այն բացառիկ գյուղերից է, որտեղից որևէ տղամարդ արտագնա աշխատանքի  չի գնացել:

«Բոլորը ամուր կապված են հողին ու հույսը կապել են բերքի հետ: Հիմա էնքան են զզվացնելու, թողնենք, ռադներս քաշենք-գնանք: Փոխանակ  պետությունն հոգ տանի գյուղացու մասին, դեռ մի բան էլ խաբում է», – ասել է Վահան Սարգսյանը:

Լճավանի գյուղապետարանի հաշվապահն  Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր իրենց գյուղը հասել է ծայրահեղ սնանկության:

«Եկել եմ, բնակիչների հետ սպասում եմ դրական պատասխանի, մենք ուրիշ ասելիք չունենք», – նշել է Արծրուն Մարտիրոսյանը:

Նրանք նաև նշել են, որ խնդիրներ ունեն ոռոգման ջրի հետ` օրական մեկ ժամ են ստանում:

Ավելի ուշ նախագահական նստավայրի մոտ ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, հորդորել է նրանց դադարեցնել ակցիան ու վերադառնալ տուն:

«Ամեն անգամ համոզում, տուն են ուղարկում ու հարցը լուծում չի ստանում: Հերիք չի ավտոբուսին փող ենք տվել բերելու, հիմա էլ անպատասխան հետ ենք գնում: Ասում են` երեք օրից պատասխան կստանանք»,-ասել է Հունան Գրիգորյանը: