Home / Հայաստան / Զինծառայողին աչքից զրկած ենթասպան ստացել է հնարավոր ամենամեղմ պատիժը

Զինծառայողին աչքից զրկած ենթասպան ստացել է հնարավոր ամենամեղմ պատիժը

«Եղնիկներ» զորամասում շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը թափած ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը փակվել է:

Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին Epress.am-ին հայտնել են ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի  բաժնից:

Թովմասյանը մեղադրվում էր դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու մեջ, ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Արմեն Թովմասյանը երկաթյա շղթայով ու ձեռքով հարվածել էր Նարեկ Ավետիսյանի դեմքին` ջնջխելով նրա աջ ակնագունդը:

Դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նարեկ Ավետիսյանը 14 օր դիրքերում մնալուց հետո իջել էր ճաշարան հերթապահության: Ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը նրան ինչ-որ հանձնարարություն էր տվել, զինվորը հրաժարվել էր կատարել հանձնարարությունը, որից հետո, նախնական տվյալներով, ճաշարանի պետը շղթայով խփել էր և Ավետիսյանի աչքի պարունակությունը տեղում թափվել էր: Նրան նախ տարել էին  Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ տեղափոխել Երևան:

Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, իսկ հետագայում` այս տարվա մարտի 5-ին մշտական պրոտեզ էին տեղադրել:

Չնայած աչքի պրոթեզը հիմնական է համարվում, այնուամենայնիվ, կախված վերքի թարմությունից՝ 6-8 ամիս հետո կրկին կարիք կլինի չափսերը վերանայելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել էր Նարեկ Ավետիսյանի բժիշկ Գագիկ Գասպարյանը:

«Թեև արտաքին տեսքը 100 տոկոսով չի վերականգնվել, ուղղակի չիմացող մարդու համար տարբերությունը  գրեթե չի զգացվի: Ամեն ինչ նորմալ է, սակայն արհեստականն առողջ աչքին չի փոխարինի՝  այն տարբեր լուսավորության տակ տարբեր է: Տրամադրության անկման ժամանակ առողջ աչքը կարող է լարվել , կարմրել, իսկ արհեստականը՝ ոչ:  Նարեկի պարագայում, քանի որ կոպը վնասված է և  լիարժեք չի թարթվում, ուստի մեկ տարի կամ տարի երկու ամիս անց, նաև կախված առողջական վիճակից, խնամքից, արտաքին վնասվածքներից, պրոթեզը ենթարկվելու է փոփոխության: Պրոթեզը պետք է թարմացվի 1,5 տարին մեկ անգամ», – վիրահատությունից անմիջապես հետո պատմել էր Գասպարյանը: