Home / Հայաստան / Հայաստանյան ՀԿ-ները պահանջում են ազատ արձակել խոշտանգված մեղադրյալներին

Հայաստանյան ՀԿ-ները պահանջում են ազատ արձակել խոշտանգված մեղադրյալներին

Մոսկվա կինոթատրոնից 5 միլիոն 80 հազար դրամի և 10 հազար ռուբլու գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող 30-ամյա Ստեփան Հովակիմյանի և 26-ամյա Վահրամ Քերոբյանի գործի արդար քննություն ապահովվելու կոչով ՀՀ իշխանություններին նամակ են ուղղել մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ:

8 ՀԿ-ները հայտարարում են,  որ ամբաստանյալներին անազատության մեջ պահելը և ընդհանրապես գործի ողջ քննությունը տեղի է ունենում իրավական ընթացակարգերի լուրջ խախտումներով, ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք, պաշտպան ունենալու իրավունքի սահմանափակում, խոշտանգումներ, որոնց միջոցով է ստացվել Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը և հիմք ընդունվել ազատազրկում սահմանելու համար:

Կազմակերպությունները պահանջում են անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, անհապաղ ազատ արձակել  Հովակիմյանին և Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով:

Հիշեցնենք, որ Հովակիմյանի և Քերոբյանի գործին անդրադարձ է կատարվել  նաև ԱՄՆ Պետդեպի` Մարդու իրավունքների վերաբերյալ 2011թ. զեկույցում։ Մասնավորապես,  հիշատակվել են ոստիկանությունում շարունակական ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքով խոստովանություն կորզելու, կիրառված դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ անկախ հետաքննություն չիրականացնելու, գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու պրակտիկային վերջ տալու խնդիրները:

Ամբաստանյալները անազատության մեջ են արդեն 28 ամիս, իսկ դատական գործի քննությունը ձգձգվում է: