Home / Տեսանյութեր / Նորքի բնակիչները մտահոգ են, որ թանգարանի շենքը այլ նպատակներով է օգտագործվելու

Նորքի բնակիչները մտահոգ են, որ թանգարանի շենքը այլ նպատակներով է օգտագործվելու

Նանսենի այգու պաշտպանության համար պայքարող քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անկցացրել քաղաքապետարանի մոտ: Ինչպես մեկ շաբաթ քաղաքապետին ուղղած նամակում, այսօր էլ քաղաքացիները փորձում էին տեղեկանալ քաղաքապետարանից` ինչու այգում թանգարան կառուցելուց առաջ չեն անցկացվել հանրային լսումներ և ով է արել այդ շենքը կառուցելու մասին առաջարկություն:

Բանավոր պատասխանը, սակայն, ոչնչով չի տարբերվել գրավոր պատասխանից, որը չի տրամադրել որոշան մասին պատճեններ, միայն հայտնել էր, որ թանգարանի կառուցման առաջարկն արել է Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը:

«Կամ Նորքի բնակիչները, կամ Մշակույթի նախարարությունը պետք է առաջարկեին, որ այգում լինի թանգարան: Եթե ոչ մեկը չի արել, ապա հանրային լսումները պարտադիր էին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Անի Կաղինյանը:

Հիշեցնենք, որ  այգում թանգարանի կառուցման դեմ տեղի բնակիչները ստորագրահավաք են անցկացրել, որին միացել է 600 մարդ:

Ըստ Կաղինյանի`  խնդիրն այն է, որ քաղաքապետարանի սեփականություն է լինելու Նանսենի թանգարանի գույքը, այլ ոչ թե շենքը: Իսկ նման շենքերը այլ նպատակներով օգտագործելու  նախադեպեր արդեն Նորքի 1-ին զանգվածում եղել են: Կաղինյանը հիշեցրել է, որ Գայի արձանի մոտ ձմեռային այգի սարքելու ծրագիր ներկայացրած կառուցապատողը մեծ շահույթ ստանալու նպատակով սուպերմարկետ է կառուցել այգում, իսկ Նանսենի այգու մյուս ծայրին  հանրային զուգարաններ կառուցելու անվան տակ 60 ծառ է հատվել, սակայն սրճարան է հիմնվել:

Լուսանկարը՝ Մարիամ Սուխուդյանի Facebook-ի էջից