Home / Տեսանյութեր / Քաղաքապետի խորհրդականը գնացել է պարզելու՝ ինչի հաշվին է բակում շինարարություն արվում

Քաղաքապետի խորհրդականը գնացել է պարզելու՝ ինչի հաշվին է բակում շինարարություն արվում

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի բնակիչների հորդորով այսօր  նրանց բակ է այցելել  Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանն ու մոտ 30 րոպե շրջել տարածքում՝ համոզվելու համար՝ արդյո՞ք  սկսված  շինարարությունը կատարվում է բակային տարածքի հաշվին: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բակի բնակիչ Գայանե Եղիազարյանը պատմել է, որ իրենց համառ ջանքերի շնորհիվ այս պահին շինարարությունը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Շիրազի 14 փողոցի բնակիչները բողոքում են կեղծ հիմքերով 1 տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանի անօրինական գործողությունների դեմ: Նրանք դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար, այդ ընթացքում ՝ 2011 թվականի մարտին, Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա կտրել էր 8 օր առաջ` հունիսի 6-ին:

Եղիազարյանի խոսքով՝  Մուրադյանն անցյալ հինգշաբթի իրենց  խոստացել էր  ստուգումներ անցկացնել՝ պարզելու՝ արդյո՞ք տարածքի վերաբերյալ  Մկրտչյանը շինթույլտվություն ունի:

Օրեր առաջ վերոնշյալ հասցեի բնակիչները քաղաքապետի գլխավոր խորհրդականին էին ներկայացրել 60 բնակիչների  ստորագրություններով մի փաստաթուղթ, որտեղ վերջիններս պահանջել էին դադարեցնել իրենց բակում  սկսված ապօրինի շինարարությունը: Նրանք  ներկայացրել են, որ դա իրենց բակի տարածքն է,  ինչին ի պատասխան Մուրադյանն ասել էր, թե, ըստ իր մոտ եղած գծագրի, բակի տարածք չէ:

«Բնակիչներով խնդրեցինք մեկ անգամ ևս ստուգել, Մուրադյանն էլ խոստացավ, որ մարդ կուղարկի ճշտելու ու եթե պարզվի, որ շինարարությունը գնում է բակային տարածքում, ապա իրենք կվերացնեն շինթույլտվությունն ու կվերանայեն այդ հարցը», -պատմել է Եղիազարյանը:

2 օր առաջ բնակիչները կրկին բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի, այնուհետ քաղաքապետարանի մոտ: Նրանք այցելել են Մուրադյանին՝ պատասխան ստանալու ակնկալիքով:

«Մուրադյանն ասաց, որ ինքն անձամբ կգա մեր բակ ու տեղում կպարզի՝ արդյոք շինարարությունն ընթանում է բակային տարածքում,  թե՝ ոչ: Խոստմանն համաձայն, քաղաքապետարանի մի քանի ներկայացուցիչների հետ Մուրադյանն այսօր մեր բակում էր, ուսումնասիրեց տեղանքը, լսեց բնակիչներին, սակայն խուսափում էր պատասխանել մեր ուղիղ հարցերին, անընդհատ շեղում էր  դրանք  ու, չնայած այս ամենին, ես նրան ներկայացրեցի 5 քմ-ոց մետաղյա տնակը, որը դիտվել էր որպես 20 քմ-անոց քարե շինություն և սեփականշնորհման իրավունքով տրամադրվել  Մկրտչյանին կից հողատարածքի հետ միասին, մինչդեռ օրենքով սահմանված 20 քմ-ից պակաս շինությանը սեփականության վկայական չի տրամադրվում: Նաև տրամադրեցի լուսանկարները, ինչից հետո նրանք ասացին՝ պարզ է, տեսանք: Նրանք նաև համոզվեցին, որ մեր ննջարանների պատուհաններն ու պատշգամբները  հենց բակի ուղղությամբ են, ու մեզ խոստացան մոտ օրերս  պատասխանել», – նշել է Եղիազարյանը:

Բնակիչները միանշանակ  վստահ են՝ պաշտոնյաները տեղում համոզվել են, որ շինարարությունն արվում է  Շիրազի 14 շենքի բակի հաշվին, այլ ոչ թե Շիրազի 10 հասցեի բակի շարունակությամբ, չնայած իրենց այդ մասին ոչինչ չի ասվել:

«Երեկվանից մեր  թաղապետարանի շնորհիվ շինարարությունը կասեցվել էր ու պաշտոնյաների գալու պահին ոչ մի շինարարական աշխատանք բակում չէր ընթանում: Մուրադյանն էլ ասաց, որ այն չեն վերսկսի, մինչև իրենք պատասխան չտան: Նշեմ, որ այցի ընթացքում  պաշտոնյաները հանդիպել են նաև բակի տարածքը սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանին, զրուցել նրա հետ», – ասել է Եղիազարյանը:

Ավելի վաղ Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը վստահեցրել էր, որ  100 քմ-անոց տարածքն իր սեփականությունն է, ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, ու այդ մասին տեղյակ են նաև Երևանի քաղաքապետարանում: