Գլխավոր / Հայաստան / ԵԽԽՎ-ի նիստում քննադատել են Ծոմակի բարի հրկիզումը. Զարուհի Փոստանջյան

ԵԽԽՎ-ի նիստում քննադատել են Ծոմակի բարի հրկիզումը. Զարուհի Փոստանջյան

ԵԽԽՎ-ի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի խտրականությունների և հանդուրժողականության կոմիտեի նիստում խիստ քննադատական հայտարարություն է  հնչել վերջերս Երևանում Ծոմակի բարի հրկիզման հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով որպես դիտորդ անդամ մասնակցել է նիստին:

«Այդ քննադատական հայտարարությունը կոմիտեի հանձնաժողովում նաև քննարկվեց, և առաջին անգամ էր, որ Հայաստանում նման  փաստ էր արձանագրվում, որ խտրական մոտեցում կա այլասեռականների նկատմամբ և անհանդուրժողական մոտեցում»,- ասել է  պատգամավորը:

Փոստանջյանը նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի իրավական կոմիտեի կողմից ընդունվել է բանաձևի նախագիծ, որը վերաբերում էր Ադրբեջանում քաղբանտարկյալներին: Այդ նախագիծը, պատգամավորի խոսքով, ընդունվեց  բավականին մեծ դժվարությամբ` 24՝ կողմ, 22՝ դեմ հարաբերակցությամբ, և բավականին մեծ ճնշման ներքո: Այն պետք է քննարկման առարկա դառնա և ամբողջությամբ ընդունվի արդեն աշնանային նստաշրջանում:

«Սա ինչու եմ շատ կարևորում, ոչ միայն, որ Ադրբեջանում հանիրավի բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են բանտախցերում իրենց քաղաքական հայացքների համար, այլ սա նաև կանխարգելիչ  բնույթ է  կրելու այլ պետությունների համար, որոնք կարող են ունենալ իրենց բանտերում քաղբանտարկյալներ: Դա կարող է  լինել ՌԴ-ն, Ուկրաինան, Թուրքիան, Վրաստանը, մի խոսքով, այնպիսի պետություններ, որոնք կայացած ժողովրդավարություն չունեն:   Շատ լավ է,  որ իրավական կոմիտեում այն չտապալվեց»,- ասել է Փոստանջյանը: