Գլխավոր / Հայաստան / Պատգամավորը դեմ է Հայրապետյանին արտաքսելու պահանջին. պետք է պատժել հայրենիքում

Պատգամավորը դեմ է Հայրապետյանին արտաքսելու պահանջին. պետք է պատժել հայրենիքում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զորուհի Փոստանջյանը կողմ էր, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեր իր մանդատից, և գտնում է, որ  հասարակությունը պետք է այնպիսի  միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ անձինք  չներկայացնեն հասարակությունը ՀՀ ԱԺ-ում:

«Սա պետք է լինի շարունակական բնույթ կրող գործընթաց: Ռուբեն Հայրապետյանը մենակ չէ ԱԺ-ում: Կան Ռուբեն Հայրապետյանից  ավելի «պայծառ դեմքեր», ովքեր ավելի դժբախտ պատահարների մեջ ոչ պակաս են ներգրավված եղել, հենց նույն Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: Հետևաբար, սա ոչ միայն Ռուբեն Հայրապետյանին է վերաբերում, այլ վերաբերում է բավականին լուրջ թվով մարդկանց: Կարելի է կազմել տասնյակից ավելի անձանց ցուցակ, որոնք իրապես հայոց խորհրդարանի հետ ընդհանրապես կապ չպետք է ունենան»,-ասել է ԱԺ պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը դեմ է այն պահանջին, թե հանցագործություն կատարած   մարդուն պետք է արտաքսել հայրենիքից: Նրա խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ մեղավորություն են ունեցել որևէ հանցագործության մեջ, պետք է պատժվեն սեփական երկրում, և դա, պատգամավորի խոսքով, պետք է  սկսել Ռոբերտ Քոչարյանից:

Փոստանջյանը հիշեցրել է «Առագաստ» սրճարանի դեպքը, որը հնարավորություն ընձեռեց թիկնապահներին նման վարքագիծ դրսևորել և մնալ անպատիժ:

«Սրա մասին է խոսքը, մենք այդտեղից պետք է սկսենք և չսևեռվենք մի անձի վրա: Իհարկե, հասարակական ընդվազման համատեքստում այս հրաժարականը տվեց: ՀՀ-ում առաջին անգամ պաշտոնյան տեղի ունեցած հանցագործության հետևանքով որոշում է  կայացրել, միգուցե, այդ որոշումը իրենը չէր, միգուցե, այս հայտարարությունը ինքը չի գրել, բայց, համենայն դեպս, ինքը այս հայտարարության տակ ստորագրել է, և, սա կարծում եմ, հասարակության կողմից պահանջի արդյունք է,  այլ ոչ թե այլ գործընթացների: Մենք պետք է այնպիսի հասարակություն լինենք, որը  պետք է պահանջատեր լինի և կանչի պատասխանատվության յուրաքնաչյուրին»,- ասել է  պատգամավորը: