Home / Հայաստան / Շահնազարյանի՝ Կոնգրեսից դուրս գալը կապված չէ ռազմավարական հարցերում հակասությունների հետ. Մուսինյան

Շահնազարյանի՝ Կոնգրեսից դուրս գալը կապված չէ ռազմավարական հարցերում հակասությունների հետ. Մուսինյան

Դավիթ Շահնազարյանի՝ Հայ Ազգային Կոնգրեսից դուրս գալը կապված չէ Կոնգրեսի հետ ռազմավարական հարցերում հակասություն ունենալու հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Այո, Դավիթ Շահնազարյանը դադարեցրել է իր մասնակցությունը Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքներին և ընդհանրապես ակտիվ քաղաքական գործնեությունը Կոնգրեսի կազմում՝ շարունակելով մնալ Կոնգրեսի անդամ, քանի որ դուրս չի եկել Հայոց Համազգային Շարժում կուսակցությունից:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա կարող եմ ասել հետևյալը. Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսի ղեկավարությանը հստակ ներկայացրել է իր քայլի պատճառները, որոնք, սակայն, կապված չեն Կոնգրեսի հետ ռազմավարական, մարտավարական, եթե կուզեք նաև գաղափարախոսական հարցերում հակասություն ունենալու հետ: Իսկ թե որոնք են այդ պատճառները, համաձայն մեր ունեցած պայմանավորվածության, կարող է ներկայացնել անձամբ ինքը՝ պարոն Շահնազարյանը», – ասել է մեր զրուցակիցը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շահնազարյանը հաստատել էր Կոնգրեսից դուրս գալու փաստը սակայն հրաժարվել էր նշել պատճառը:

Նա նշել է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը:

«Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխությունը, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», – ասել է Շահնազարյանը՝ շարունակելով. «Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:

Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացրել էր. «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»: