Home / Տեսանյութեր / ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է «Հարսնաքարի» դեպքերի առնչությամբ արտահերթ նիստ հրավիրել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է «Հարսնաքարի» դեպքերի առնչությամբ արտահերթ նիստ հրավիրել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսևորվել է առանձնակի ցինիզմով և հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Այս մասին ասված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Բռնությունը կատարվել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների և Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահների կողմից սպանված Վահե Ավետյանի մահվան յոթ օրվա հիշատակին նվիրված հասարակական ակցիայի ժամանակ:

«Մենք բռնության այս դեպքը գնահատում ենք որպես ՀՀ քաղաքական ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից Վահե Ավետյանի և նրա ընկերների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ոչ համարժեք գնահատականի հետևանք:

Այն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բռնության փաստի վերաբերյալ քաղաքական գնահատական չտալը, իրավապահ մարմինների կողմից բռնություն կատարած բոլոր անձանց չհայտնաբերելը:

Պահանջում ենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից միջնորդությամբ դիմել Ազգային ժողովին Ռուբեն Հայրապետյանին ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ’ հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ», – ասված է հայտարարութան մեջ: