Home / Հայաստան / «Սաքունց ընդդեմ Վովա Գասպարյան» գործով վճիռը հետաձգվեց. դատավորին ժամանակ է պետք

«Սաքունց ընդդեմ Վովա Գասպարյան» գործով վճիռը հետաձգվեց. դատավորին ժամանակ է պետք

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօր պետք է հրապարակեր դատավճիռ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ: Սակայն դատավորը հայտարարել է, որ գործի նյութերի քննության համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում:

Հիշեցնենք, որ Սաքունցը դիմել էր դատարան, քանի որ, իրավապաշտպանի պնդմամբ, գործող ոստիկանապետը դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ մի քանի  հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: ՀԿ-ն պահանջում է, որ Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի` Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող որդեկորույս մայրերին վիրավորելու համար, հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բռնագանձի 10 (տասը) ՀՀ դրամ:

Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Վլադիմիր Գասպարյանը նաև «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի:

Հելսինկյանի քաղաքացիական ասամբելոայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Epress.am-ի հետ զրույցում, ասել է, որ թեև տվյալ արտահայտությունները նախորդ դատական նիստերում վերլուծվել են և դրանց վիրավորական լինելը ուսումնասիրվել է, սակայն դատավորը ունի իրավունք ժամանակ խնդրելու:

Դատավորը կհայտարարի դատավճիռը հուլիսի 20-ին: