Home / Հայաստան / Եզդի մայրը պնդում է՝ բանտարկված որդու հարցում իրենց օգնություն չեն առաջարկել

Եզդի մայրը պնդում է՝ բանտարկված որդու հարցում իրենց օգնություն չեն առաջարկել

«Սինջար» եզդիների միավորման առաջնորդ Բորիս Թամոյանն այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 2011 թվականին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամ Ամոյանին օգնելու խնդրանքով իրենք փետրվարին բաց նամակով դիմել են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու ոչ մի պատասխան չեն ստացել:

«Մենք փորձել ենք կապ հաստատել Քյարամի ընտանիքի անդամների հետ ու ինչ-որ կերպ աջակցել նրանց, ոչ մի արձագանք չեղավ: Մտածեցինք՝ միգուցե իրենք գտել են խնդրի լուծման տարբերակները, և մենք ընդամենը կխանգարենք գործին: Պարբերաբար բաց նամակներով դիմել ենք տարբեր ատյանների: Մեր խնդրանքը ոչ թե Քյարամին արդարացնել է, այլ՝ պատիժը  մարդկայնորեն կրելը», – նշել է Թամոյանը:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է Քյարամ Ամյանի մոր՝ Կարինե Ամոյանի (լուսանկարում) հետ, ով նշել է, որ իրենց ոչ ոք օգնություն չի առաջարկել, այլապես իրենք չէին հրաժարվի:

«Շատ ուրախ կլինեի, եթե ինչ-որ կերպ կարողանայի կապվել Թամոյանի հետ, ուղղակի մինչ այժմ նրանց հետ հանդիպել չի հաջողվել», – ասել է Ամոյանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Ամոյանի մոր խոսքով՝ տղան ունի մի շարք առողջական խնդիրներ և ինքը բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ որդուն 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակելու ու բուժման տանելու խնդրանքով, ինչը մերժվել է: Նա բազմիցս շեշտել է, որ  Քյարամն անմեղ է. դա են ապացուցում մի շարք փաստեր, մասնավորապես, այն, որ Քյարամի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ: Այնուամենայնիվ, ծնողը նշում է, որ բուժումից հետո Քյարամին պատրաստ կլինի կանգնել արդարադատության առջև:

Քյարամ Ամոյանին հունիսի 11-ին «Դատապարտյալների հիվանդանոցից», տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական, քանի որ նրա առողջական վիճակը գնահատվել էր բավարար:

«Բազմաթիվ  հետազոտություններ են արվել, այդ թվում նաև ուղեղի  համակարգչային տոմոգրաֆիա: Ամեն ինչ նորմալ է ու նա ենթական չէ վիրահատության, այդ իսկ պատճառով էլ նպատակահարմար են գտել, որ Ամոյանը տեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մի քանի օր է` ինքն անվերջ հետազոտվում է ու բոլոր արդյունքները դրական են եղել: Փաստաթղթերը կան ու փաստում են, որ Ամոյանը վիրահատության ենթական չէ», –  ավելի վաղ Epress.am- ին հայտնել էին  քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից: