Home / Հայաստան / Զուրաբյանը խնդրել է «Հարսնաքարի» հարցում իրենց աջակցողներին այցելել Փաշինյանի ԱԺ-ի գրասենյակ

Զուրաբյանը խնդրել է «Հարսնաքարի» հարցում իրենց աջակցողներին այցելել Փաշինյանի ԱԺ-ի գրասենյակ

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության հայտարարությունը, որը վերաբերում է հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքին:

«Հաշվի առնելով, որ 2012 թվականի  հունիսի  17-ին Երևանի «Հարսնաքար»  ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական  մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք  և ինքնաբուխ զանգվածային ակցիաներ, նկատի ունենալով, որ ԱԺ-ի կողմից արագ  և համարժեք արձագանքը կնպաստի հասարակության  մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի  վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության  և պատասխանտվության անխուսափելիության  սկզբունքների ապահովմանը, նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ  շոշափվում է  ԱԺ պատգամավորի մասնակցության և պատասխանատվության  հարցը,  հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք և թերի քրեաիրավական գնահատականը կարող է  բացասական ազդել  հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ  և Ժառանգություն  խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այդ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ, հուլիսի 17-ին, ժամը 12-ին հրավիրել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան «2012 թ. հունիսի 17-ին Երևանի  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նարնցիցի մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու  մասին» օրակարգով»,- ասված է  Կոնգրեսի հայտարարության մեջ:

Զուրաբյանը նաև նշել է, որ նախագիծը պատրաստ է, և հիմա համատեղ աշխատանքը այդ նախագծի վրա շարունակվում է:

«Մենք այսօր ժամը 18.00-ից հինգ պակաս կստանանք քարտուղարությունից ձևաթուղթ, որը այդ պահից սկսվելու է օրենքով նախատեսված  24 ժամվա ռեժիմը, որի ընթացքում մենք  պետք է փորձենք հավաքել 44  ստորագրություն:  Այդ ստորագրությունների հիմնական մասը մենք կհավաքենք, բնականաբար, աշխատելով խմբակցությունների հետ միասին: Բայց մենք նաև առաջարկում ենք անկախ պատգամավորներին կամ պատգամավորներին, որոնց, կարող է պատահել, որ ինֆորմացիան չհասնի այլ եղանակներով, հասցնում ենք հրապարակայնորեն այդ ինֆորմացիան: Եվ  խնդրում ենք, որ բոլոր այն պատգամավորները, որոնք պատրաստ են աջակցել   այս նախաձեռնությանը,  վաղը ժամը 13-15-ը այցելեն Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ի գրասենյակ»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունների պատրաստած նախագիծը շահարկվելու է.

«Ասելու են, քանի որ քննություն է գնում, նման իրավասություն ԱԺ-ն չունի, ուստի նաև մենք հետևյալ մոտեցումն ենք ցուցաբերել: Մենք ինչը, որ հնարավոր է, ուղղակի տեղափոխելու ենք Մարտի 1-ի հանձնաժողովի մասին որոշումից այս որոշում: Այսինքն, այս որոշման մեջ չկա որևէ կետ, որը իր նախադեպը չունի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ, ուստի ոչ ոք չի կարող ասել, որ մենք ինչ-որ ապօրինի բան ենք պահանջում»:

Զուրաբյանը հավելել է, որ այն, ինչ իրենք պահանջում են, ունի իր նախադեպը, և եթե այդ մարդիկ ժամանակին ստեղծել են Մարտի 1-ի հանձնաժողով, ԱԺ-ում, ուրեմն նույն հիմնավորվածությամբ կարող են ստեղծել այս ժամանակավոր հանձնաժողովը: