Home / Հայաստան / Արման Վեզիրյանի գործն ապօրինաբար ուղարկվել է դատարան. փաստաբան

Արման Վեզիրյանի գործն ապօրինաբար ուղարկվել է դատարան. փաստաբան

2012 հունիսի 29-ին Հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) ավագ քննիչ Կամո Շառոյանը հայտարարել է, որ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի վերաբերյալ քրեական գործն ավարտվում է, և տրամադրել է գործի նյութերի պատճենները և ժամանակ` նյութերրն ծանոթանալու միջնորդություններ անելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ  ապրիլին 30-ին Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան բնակիչ` Տիգրան Մանուկյանը, և սկսել է  բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 118 հոդվածով: Իսկ այոնւհետև հունիսի 12-ին Շենգավիթի ոստիկանության քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կամո Շառոյանը Վեզիրյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), ինչպես նաև որոշում է կայացրել որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Օրենքին համապատասխան մենք հուլիսի 10-ին ներկայացրեցինք հինգ միջնորդություն. մեկը բավարարվեց, չորսը մերժվեցին: Հիմնական միջնորդությունները, որոնք, մեր կարծիքով, ավելի կարևոր են, մերժվեցին: Ըստ օրենքի՝ եթե կողմը համաձայն չէ մերժումների հետ, ապա երկու օր ժամանակ ունի՝ բողոքարկելու դատախազին: Եվ ուղղակի բառացի գրված է` մինչև բողոքի լուծումը, գործը չի կարող ուղարկվել դատարան: Հուլիսի 13-ին՝ այդ երկու օրը դեռ չլրացած, բողոք ենք ներկայացնում այդ չորս մերժված միջնորդությնունների վերաբերյալ Շենգավիթի դատախազին, իսկ  Շենգավիթի դատախազության գրասենյակը կատեգորիկ հրաժարվում է ընդունել մեր բողոքները` ասելով, որ գործը արդեն գնացել է  դատարան: Հարցին, թե ինչպես կարող էր գնալ, գրասենյակը, բնականաբար, պատասխանում է, որ ինքը տեղյակ չէ և առաջարկում է  հանդիպել  վերահսկող դատախազին` Առաքելյանին: Եվ ենթադրվում է, որ պետք է գիտակ մարդ լինի, պատահական մարդը չպիտի լինի դատախազի տեղակալ: Առաքելյանն  ինձ ընդունեց և շատ զարմացած փորձում էր ճշտել, թե այդ որ օրենքից ելնելով  ինքը այդ երկու օրը պետք է սպասի, որ նոր ուղարկի դատարան: Ինքը այդպես  էլ չհամոզվեց, որ ես իրականում ճիշտ եմ, և դա օրենքի պահանջն է, ոչ թե իմ քմահաճույքը, չընդունեց»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կարապետյանցը:

Վերջինս ստիպված է  եղել զանգահարել ՄԻ պաշտպանի գրասենյակ, որի աշխատակցիներն արագ արձագաքնել են, բայց նրանց թույլ չեն տվել մտնել Շենգավիթի դատախազություն:

Դրան հաջորդում է այն, որ Կարապետյանցին է զանգահարում քննիչ Շառոյանը, որ նա մեղադրական եզրակացություն ունի հանձնելու, ինչը շատ մեծ զարմանք է առաջացրել փաստաբանի մոտ, քանի որ, նրա խոսքով, այդքան արագ տեմպերով չէր կարող ամեն ինչը տեղի ունենալ:

«Հետո մեղադրական եզրակացությունը ստանալու ժամանակ, պարզվեց, որ ամսաթիվը հուլիսի 12-ին է գրված, այսինքնը՝  երկու օրվա ընթացքում բողոքարկելու մեր իրավունքը խիստ ոտնահարվել է»,- ասել է Նինա Կարպետյանցը և հավելել, որ իրենք պատրաստվում են բողոք գրել ՀՀ գլխավոր դատախազին` կապված դատախազների պրոֆեսիոնալիզմի հետ, ինչպես նաև խնդրելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որ իրենք էլ, իրենց հերթին, հետամուտ լինեն, քանի որ խոչընդոտվել է  նաև իրենց գրասենյակի աշխատակիցների մուտքը դատախազություն: