Home / Հայաստան / Մեղադրանքը շինծու էր, արդարադատություն չկար. ՀԱԿ-ի ակտիվիստները դժգոհ են դատախազից

Մեղադրանքը շինծու էր, արդարադատություն չկար. ՀԱԿ-ի ակտիվիստները դժգոհ են դատախազից

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանն իր ճառով  ուղղակի խայտառակեց ու հարված հասցրեց հայկական արդարադատությանը: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի  4 ակտվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է  Սարգիս Գևորգյանը: Հիշեցնենք, որ այսօր Հակոբ Մարտիրոսյանը հանդես է եկել մեղզադրական ճառով և Տիգրան Առաքելյանի համար պաահնջել է 6 տարի ազատազրկում,  Արտակ Կարապետյանի համար` 3 տարի 5 ամիս 19 օր, Սարգիս Գևորգյանի համար` 1 տարի 11 ամիս 20 օր, իսկ Դավիթ Քիրամիջյանի համար`  2 տարի պայմանական ազատազրկում:

«Դատախազը դրանով Հայաստանի քաղաքացիներին ուղղակի ասեց` դուք պատժվելու եք, անկախ նրանից` դուք հանցանք գործել եք, թե չէ, եթե դուք հակառակվեք համակարգին, ռեժիմին: Դա ակնհայտ նպատակն էր մեղադրական ճառի և դատավարության: Յուրաքանչյուր քաղաքացու պահել վախի ու ճնշման ներքո: Հիմա որևէ մեկը այս մեղադրանքը եթե լսի, ես վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ կկաշկանդվեն` իմանալով, որ, օրինակ, ոստիկանության ապօրինությունը արձանագրելու պարագայում, դու կարող ես հենց այդ նույն ոստիկանի ցուցմունքով դատապարտվել: Բայց մենք, մեր հերթին, կոչ ենք անում, որ մարդիկ էլ ավելի ակտիվացնեն ապօրինությունների արձանագրումն ու դրանց լուսաբանումը, ինչը, կարծում եմ, գոնե ինչ-որ չափով կկանխի էդ ամեն ինչը», – ասել է Գևորգյանը:

Ակտիվիստներից Դավիթ Քիրամիջյանն էլ նշել է, որ նշանակված պատիժը շատ խիստ էր, որովհետև իրենցից ոչ մեկը ոչ  մի հանցավոր արարք չի գործել: Քիրամիջյանի կարծիքով` դատախազը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ  արդար համակարգ է ստեղծվել  Հայաստանում ու ամեն մեկին առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում իր արարքին համապտասխան:

«Փորձում են այդպիսի տպավորություն ստեղծել տարբեր պահանջներով, ոչ թե բոլորին նույն պահանջով: Բայց այդ առումով էլ պետք է բոլորիս համար էլ նույն պատիժը պահանջեր, եթե արդար դատավարություն գնար: Եթե արդար դատախազ լիներ, ոչ թե կաշառված և կաշառքների տակ, եթե արդար դատավարություն լիներ, ընդհանրապես պահանջ չպետք է լիներ», – ասել է Դավիթ Քիրամիջյանը:

Արտակ Կարապետյանն էլ նշել է, որ դատախազը, ըստ հոդվածների, պատիժ պահանջեց, բայցևայնպես գործում բացարձակ մեղադրանք չկար:

«Դատախազին պարտադրված էր մեզ մեղադրանք տալ, ու մեղադրանքն արդեն շինծու էր: Ինքը ցայտնոտի մեջ էր և չէր կարողանում ռեալ մեղադրանք տալ, նույնիսկ դատարանի դահլիճում  նստածների համար, որ համոզված լիներ, որ իրոք մենք այդ մեղքը գործել ենք», – ասել է Կարապետյանը: