Home / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստները դատարանում հիշեցրել են Հայրապետյանի ու Քոչարյանի թիկնապահների մասին

ՀԱԿ-ի ակտիվիստները դատարանում հիշեցրել են Հայրապետյանի ու Քոչարյանի թիկնապահների մասին

Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևրոգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի դատավարության ժամանակ Արտակ Կարապետյանն իր պաշտպանական ճառի ժամանակ նշել է, որ իր և իր ընկերների «ամենամահացու» մեղքերից մեկը ոստիկանության բաժնում  հայհոյանքներն են, որից,  ըստ դատախազի, իբրև թե, հրաժարվել են:

«Երևի դատախազին պետք էր հիշեցնել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի դրույթը, հակառակ դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե  ինչու է  զարմացած մնացել ու մեղադրանքի հիմքում դրել իմ հայհոյանքները, իսկ ոստիկանության  աշխատակիցների, պաշտոնատար անձի որևէ գնահատական չի տրվել:  Եվ չէր էլ կարող տալ, որովհետև այդ հանգամանքները ամբողջությամբ անտեսվեցին, անգամ դրանց մասին հիշատակում չկա: Կեղտոտ ցուցմունք կոչված երևույթը իրավաբանության մեջ հայտնի երևույթ է, երբ  օրինախախտում կատարած անձը կեղծ ցուցմունքով է հանդես գալիս` հակառակ կողմին պատասխանատվության  ենթակելով, այդ պատասխնատվությունը խստացնելու համար, որպեսզի ինքը ազատվի պատախանատվությունից:  Ցավոք սրտի այս պարագայում նրանց  է միացել նաև ոստիկան,  քննիչ, դատախազ երրորդությունը»,- ասել է Արտակ Կարապետյանը:

Այնուհետև Կարապետյանը դատախազին հարցրել է, թե ինչպես է նա խոսում բարոյականությունից ու իբր իրենց կողմից կատարված արարքը հասարակության  բարոյական հիմքերը խարխլելու մասին, երբ Հայաստանում չեն բացահայտվել  հազարավոր մարդկանց ու ոստիկանների տեսադաշտում կատարված տարբեր հանցագործություններ:

«Երբ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները մարդու վրա կրակում են և մեկ օր իսկ չեն անցկացնում բանտում, էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանի կկուների մասին: Այս երիտասարդները, որոնց պատրաստվում եք դատել, նրանցից յուրաքանչյուրը իր կյանքն ու ապագան դրել է հանուն Հայաստանի օրինականության վերականգնման, ու այս դատարանը և  սպասվող վճիռը չեն կարող մեզանից որևէ մեկին շեղել մեր ընտրած ուղուց: Որպեսզի նաև մեր երեխաները ապրեն արդար  ու ազատ  Հայաստանում, որտեղ մարդասպանները ազատ փողոցում չեն շրջի, որտեղ ոստիկանները, երկու կոպեկ ստանալով և հազիվ քարշ տալով իրենց գոյությունը, ստրուկի պես չեն լինի, որտեղ դատարանները կաշկանդված չեն իրենց կողմից պատերի տակ արտասանած ճառերի համար, այլ բացահայտ կարդարացնեն ինձ ու իմ ընկերների պես անմեղ մարդկանց»,- ասել է  Արտակ Կարապետյանը, որի  ճառից հետո դատարանում հնչել են  ծափահարություններ:

Դատավոր Գագիկ Պողոսյանը մինչ կհասցներ դիտողություն անել ծափահարողներին, ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասել է, որ դա իր նախաձեռնությունն էր, ինչին ի պատասխան դատավորն ասել է, որ թատրոնում չեն և դրանով վիրավորում են ամբաստանյալներին:

«Դա էդպես չի, անգամ մեռած մարդուն են ծափ տալիս, եթե արժանի մարդ  է, եթե արդար վճիռ կայացնեք, ձեզ էլ ծափ կտամ, անկեղծ ասում եմ ձեզ»,- ասել է Արամ Մանուկյանը:

Ակտիվիստ Սարգիս Գևորգյանն էլ իր ելույթում ասել է, որ դատաքննության ընթացքում պարզ երևաց, որ իրեն և իր ընկերներին  առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ շինծու է և հետապնդում է միայն օգոստոսի 9-ին ոստիականական ապօրինություններին ընդամենը ինչ-որ կերպ արձանգաքած մի խումբ քաղաքացիների նկատմամբ կատարված ապօրնությունները կոծկելու նպատակ:

«Մեղադրողի մեղադրական ճառը կբնութագրեմ կարճ՝ հուսահատ փորձեր հորինվածը ու ցանկալին որպես իրականություն ներկայացնելու: Ես վստահ եմ, որ մեղադրողը այս դատական նիստից հետո անպայման իրեն զգալու է օգտագործված և կեղտոտ գործեր կատարելու գործիք՝ իշխանությունների ձեռքում: Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ, որ այս զգացումը չլքի մեղադրողին և ամեն քայլափոխի նա զղջա Հայաստանի Հանրապետությանը ու նրա քաղաքացիներին այսպիսի անպատվություն հասցնելու համար»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Վերջինս մեղադրողին ասել է, որ  շան վարկածը դատարանում պաշտպանելով՝ նա ավելի վատ վիճակում հայտնվեց, քան այդ վարկածը հորինող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և այս դատավարության ընթացքում տուժողի դերը ստանձնած ոստիկանական համազգեստով անձինք:

Երբ Գևորգյանը ցանկացել է խոսել Կոնգրեսի երիտասարդների ու ոստիկանների միջև առաջացած այլ միջադեպերի մասին, որոնք, նրա խոսքով, այս քրեական գործի համար էական նշանակություն ունեն, ինչպես նաև այս ընթացքում ցանկանալով խոսել մի խումբ բարձրաստիճան ոստիկանների ու Ալիկ Սարգսյանի մասին, դատավոր Գագիկ Պողոսյանը արգելեց դա անել՝ համարելով որ դա կապ չունի գործի հետ:

Կոնգրեսի մեկ այլ երիտասարդ Դավիթ Քիրամիջյանն էլ իր ճառում ասել է, որ այ գործով իրականում իրենք պետք է լինեին տուժող, իսկ տուժող համարվող ոստիկանները լինեին ամբաստանյալներ:

«Կարմիր բերետավորների ու կենտրոնի ոստիկանության օպերլիազորները իրենց ցուցմունքներով ցույց տվեցին բոլորին, որ  իրենք չեն տիրապետում իրենց մասնագիտության ամենատարրական կետերին»,- ասել է Քիրամիջյանը: Նա դատավորից խնդրել է իր և իր ընկերների  նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Ակցիա դատարանի մոտ` ի պաշտպանություն ակտիվիստների 

Նշենք, որ դատական նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասել է, որ ինքը հպարտանում է երտասարդներով, որոնք  քաղաքականապես պատրաստ են ու գրագետ,  տիրապետում են իրավիճակին, խոսքերը կազմակերպում են հիմնավորված ու հրաշալի ելույթներ են ունենում:

«Այ, սա հույս է, որ քաղաքական առումով քո երիտասարդության մեջ կան մարդիկ, որոնց կարելի է  վստահել, որոնք  պատրաստ են վաղը ուրիշին դաստիարակել ու քաղաքացիական դրոշ պարզելու: Հպարտանում եմ մեր ջահելենրով, շատ լավ են պահում իրենց. Իսկ այն կողմի հետ կապված խղճում եմ ուղղակի իրենց, իրենք էլ են զգում` ինչ օգտագործված վիճակում են, ինչ տխուր վիճակում են, գոյություն չունեն, իրենք չկան: Դատախազ չկա էնտեղ:  Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, որովհետև այս դահլիճում չի որոշվում այն, ինչ վաղը կարդալու են: Իշխանությունները թող հաշվի առնեն, որ սրանով նպաստում են մեր շարժմանը, թող ինչ ուզում են անեն, մենք շարունակելու ենք մեր պայքարը, ես՝ առավել ևս: Մեր կուսակցությունում այս հարցը նայել ենք, որովհետև Տիգրանը վերջին հաշվով մեր երիտասարդական կառույցի ղեկավար մարմնի ընտրված անդամ է, և մենք պարտավոր ենք նրա շահերը պաշտպանելու: Այդ հարցը մենք երկու օր առաջ քննարկել ենք Վրաստանում Հարավային Կովկասի լիբերալ ուժերի հանդիպման ժամանակ:  Եվ այսօր Եվրոպայի լիբերալները շատ ուշադիր են նայում Հարավային Կովկասի քաղբանտարկյալների խնդրին: Մենք չենք թողնի քաղբանտարկյալ լինի Հայաստանում»,- հավելել է Արամ Մանուկյանը:

Նշենք, որ վաղը ժամը 17.30-ին դատավորը կհրապարակի երիտասարդների գործով վճիռը: