Home / Տեսանյութեր / ՀԱԿ ակտիվիստների գործը պատվիրել է Կանաչուտի բնակիչը, պնդում է Տիգրան Առաքելյանը

ՀԱԿ ակտիվիստների գործը պատվիրել է Կանաչուտի բնակիչը, պնդում է Տիգրան Առաքելյանը

Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները մեղավոր չեն և իրենց մեղավոր չեն ճանաչում: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է ՀԱԿ ակտիվիստների պաշտպան  Ստեփան Ոսկանյանը:

«Այդ միջադեպը տեղի չէր ունենա, եթե ոստիկանները գործեին իրենց լիազորությունների շրջանակներում: Նրանք գերազանցել իրենց լիազորությունները», – հայտարարել է Ոսկանյանը:

Նա միջնորդել է երիտասարդների նկատմամբ քրեական գործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցրել հանցակազմի բացակայության պատճառով:

Տիգրան Առաքելյանը դատարանում հայտարարել է, որ իրենց նկատմամբ մեղադրանքը տապալվել է և ինքը կարող է ապացուցել դա:

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի 6 ժամանոց ճառը Առաքելյանը բնութագրել է մեկ խոսքով՝ աճպարարություն: Ակտիվիստի խոսքով՝ իր նկատմամբ մեղադրանքը ընդամենը հաշվեհարդարի դրսևորում է:

Նա հիշեցրել է 2009թ. տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն բերման էին ենթարկել ՀԱԿ-ի հանրագավաքի թռուցիկներ բաժանելու ժամանակ: Այն ժամանակ, ըստ Առաքելյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խախտել էր իր անմեղության կանխավարկածը, որից հետո գրավոր ներողություն էր խնդրել:

«Այս գործը պատվիրված է Կանաչուտ գյուղի բնակիչներից (Ալիկ Սարգսյանը Կանաչուտ գյուղից է) մեկի կողմից», – ասել է Առաքելյանը:

Նշենք, որ դատարանի դահլիճում ներկա են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը, Կոնգրեսի ներկայացուցիչներ Աշոտ Սարգսյանը, Վահան Վարդապետյանը և Արմեն Խաչատրյանը:

Բացի դա, դատարանի շենքի մոտ հավաքված են Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ, որոնք բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով արդար դատավճիռ Կոնգրեսի երիտասարդների համար:

Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը Տիգրան Առաքելյանի համար պահանջել է 6 տարվա, Արտակ Կարապետյանի համար` 3,5 տարի, Սարգիս Գևորգյանի համար` 2 տարի ազատազրկում, իսկ Դավիթ Քիրամիջյանի համար` 2 տարի պայմանական ազատազրկում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ: Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:

Երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, Տիգրան Առաքելյանը մինչ այժմ գտնվում է անազատության մեջ:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով և Տիգարն Առաքելյանը միջամտել էր նրանց գործողություններին: Երիտասարդների պնդմամբ` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով, իսկ իրենք ծեծի էին ենթրակվել: