Home / Հայաստան / Սփյուռքի նախարարությունը չի զբաղվում արդեն Հայաստան ժամանած հայերի խնդիրներով

Սփյուռքի նախարարությունը չի զբաղվում արդեն Հայաստան ժամանած հայերի խնդիրներով

Սփյուռքի նախարարությունը զբաղվում է այն հայերի խնդիրներով, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս: Երբ նրանք գալիս են Հայաստան, այստեղ կան այլ գերատեսչություններ, որ ի պաշտոնե զբաղվում են նրանց խնդիրներով, օրինակ, կացարան տրամադրելու, գրանցելու, երկքաղաքացիության հարցերով: Նման խնդիրները Սփյուռքի նախարարության իրավասությունից դուրս են:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են նախարարության լրատվական բաժնից` պատասխանելով այն հարցին, թե ինչ ծրագրեր է իրականացնում Սփյուռքի նախարարությունը Հայաստան եկող սիրիահայերին օգնելու համար:

Հիշեցնենք, որ Սիրիայում լարված իրավիճակը պատճառ է հանդիսացել, որպեսզի բազում սիրիահայեր փախնեն երկրից: Նրանց մեծ մասը ապաստան է խնդրում Հայաստանում: Սիրիահայերը խնդրում են ՀՀ իշխանություններից հեշտացնել մուտքի վիզայի տրամադրումը, էժանացնել ավիատոմսերը Հալեպ-Երևան ուղղությամբ:

Epress.am-ի այն հարցին, թե ինչու է «Արմավիան» իրեն համարում ազգային փոխադրող, եթե չի օգնում ծանր քաղաքական իրավիճակում հայտնված հայրենակիցներին, «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան պատասխանել է, որ, որպես ազգային փոխադրող, «Արմավիան» նոր ինքնաթիռ է գնել և ուղևորներին ապահով տեղափոխում է այն տեղերից, որտեղ այդքան էլ ապահով վիճակ չէ:

Անդրադառնալով տոմսերի գների իջեցման պահանջին` նա ասել է, որ բարձր գների մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, «Արմավիայի» տոմսերը Հալեպ-Երևան ուղղութամբ ամբողջությամբ վաճառված են մինչ օգոստոսի վերջ կայանալիք չվերթների համար: Նրա խոսքով` այդ հատվածի ավիատոմսերի վաճառքի մասով զբաղվում են սիրիական գործակալությունները, ուստի այդ մասին հարցերը պետք է ուղղել նրանց: