Home / Հայաստան / Երևանի կենտրոնում բողոքելու են «Դժվար ապրուստ» սերիալի դեմ

Երևանի կենտրոնում բողոքելու են «Դժվար ապրուստ» սերիալի դեմ

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ:

Ինչպես նշվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

«Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:

Այս առիթով հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, կազմակերպվում է խոշոր հանրային միջոցառում: Միջոցառման ընթացքում հրապարակվելու են «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից իրականացված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք», – նշում է հասարակական կազմակերպությունը:

Լուսանկարը` dյvaraprust1.wordpress.com-ից