Home / Հայաստան / Բանտում գտնվող զինծառայողը բացատրել է` ինչու է հացադուլ սկսել

Բանտում գտնվող զինծառայողը բացատրել է` ինչու է հացադուլ սկսել

Անազատության մեջ գտնվող, հուլիսի 23-ից հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է պաշտպան Գայանե Խաչատրյանը, ով վերջինիս հետ զրուցելուց հետո պարզել է հացադուլի պատճառները: Ինչպես հաղորդում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը, առողջական վիճակից ելնելով` Սուրեն Կիրակոսյանին բժշկի կողմից նշանակված դեղերը շուրջ մեկ ամիս չեն տրամադրվել և չի անցկացվել անհրաժեշտ բժշկական հետազոտություն:

«Այս ապօրինությունները վերացնելու համար Սուրեն Կիրակոսյանը ստիպված հայտարարել է հացադուլ: Հացադուլի երկրորդ օրը նրան տրամադրել են մեկ ամիս առաջ նշանակված դեղորայքը: Ըստ Սուրեն Կիրակոսյանի՝ հացադուլն ուղղված է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ակնհայտ խիստ դատավճռի դեմ, թեև վերջինս դատարանում հայտնել էր, որ համապատասխան բուժումից հետո պատրաստ է շարունակել ծառայությունը, սակայն դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման», – ասված է Հելսինկյան ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ: