Home / Հայաստան / Ինչու է ՌԴ պետդումայի խոսնակը Սերժ Սարգսյանի փոխարեն հայտարարություն անում

Ինչու է ՌԴ պետդումայի խոսնակը Սերժ Սարգսյանի փոխարեն հայտարարություն անում

Ռուսաստանն իր ներկայացուցիչների միջոցով փորձում է Հայաստանից Եվրասիական միությանն ինտեգրվելու համաձայնություն կորզել, սակայն Երևանը չպետք է զոհաբերի իր արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորը հանուն եվրասիական ինտեգրացիայի: Այս մասին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը`մեկնաբանելով ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի կողմից Երևանում արված հայտարարությունը, թե «Հայաստանը ձգտում է իր տեղը հստակեցնել Եվրասիական միությունում»:

«Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը պատահականորեն չէ ընտրված և կենսական կարևորություն ունի երկրի համար: Եթե Եվրոպան Հայաստանի համար ապահովում է ժողովրդավարական ուղին, ապա Ռուսաստանը երաշխավորում է նրա ռազմաքաղաքական անվտանգությունը: Երկու ուղղություններն էլ ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն երկրի համար»,-ասել է Սաֆարյանը:

«Մաքսային միության նորմատիվ բազան և բոլորովին վերջերս ազատ առևտրի ընդգրկուն տարածքի մասին Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը հակասում են միմյանց:

Մեզ համար, իհարկե, թանկ են Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն չարժե դրանց պատճառով հրաժարվել եվրոպական վեկտորից, որը նոր եվրոպական շուկաներ կբացի Հայաստանի համար»,- ասել է քաղաքագետը:

Սաֆարյանը կարծում է, որ Եվրասիական միության մեջ մտնելու դեպքում հնարավոր դրական ազդեցությունների մասին ռուսաստանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ Երևանը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել Մոսկվային իր հետագա ծրագրերի մասին: «Հակառակ դեպքում՝ այդ մասին կխոսեր Սերժ Սարգսյանը, իսկ Սերգեյ Նարիշկինը Հայաստանի կողմից հայտարարություն չէր անի այն մասին, որ երկիրն իր տեղն է հստակեցնում միության մեջ»,- հավելել է նա: