Home / Տեսանյութեր / Հրազդանում նոր հանք կառուցելու դեպքում կաղտոտվեն երեք գետերը. բնապահպաններն ահազանգում են

Հրազդանում նոր հանք կառուցելու դեպքում կաղտոտվեն երեք գետերը. բնապահպաններն ահազանգում են

Կոտայքի մարզում Թեժսարի նեֆելինային սիենիտների (լեռնային տեսակ, որը պարունակում է ալյումին) հանքավայրի տակ կատարվում է տարածքի ջրագոյացումը, և այդտեղ հանք կառուցելու դեպքում աղտոտվելու են Փամբակ, Աղստև և Հրազդան գետերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ահազանգել է բնապահան Հակոբ Սանասարյանը: Բանախոսն ասել է, որ երեկ հարակից Արտավազդ գյուղում անցկացվել են հանքի շահագործման մասին երրորդ հանրային լսումները, որոնց առաջին անգամ մասնակցել է «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչը, սակայն նա բնապահպանների որևէ հարցի չի պատասխանել և հեռացել է` չստորագրելով արձանագրությունը:

«Սովետական Միության ժամանակ Թեժսարի հանքավայրը ուսումնասիրվել է, 117 միլիոն ռուբլի ներդրում է կատարվել, ճանապարհ է սարքվել, սակայն հետո հրաժարվել են հանքը շահագործելուց, քանի որ շահարոծման դեպքում հանքի շուրջ մոտ 15-20 կմ շառավղով բնությունը կփչանար»,- Epress.am-ի հետ զրոյցում ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Հակոբ Սանասարյանի խոսքով` հանքաարդյունաբերության  գլխավոր խնդիրն այն է, որ դրա ծախսերն ու եկամուտները չեն հաշվարկվում, այն գրեթե ամբողջությամբ հանված է հարկային դաշտից: «Օրինակ, եթե Քաջարանի հանքը շահագործվեր նոմալ երկրում, ամեն մի պոչհանքի համար պետք է մուծվեր 790 միլիոն հարկ: Հանքաարդյունաբերությունը ամենակոռումպացված ոլորտն է»,- ասել է Սանասարյանը:

Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանում սնկի պես ավելանում են հանքերը (դրանց թիվը հասնել է 499-ի), պայամավորված է այն հանգամանքով, որ ազգային անվտանգության հայացակարգում կա դրույթ, թե նոր հանքերի հայտնաբերում և շահագործումը խրախուսվում է: Սանասարյանը հիշեցրել է, որ 2008թ. բնապահպանները դիմել էին նախագահին` դադարեցնելու հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ համարել, սակայն որևէ պատասխան չեն ստացել: