Home / Հայաստան / Սիրիացի դիվանագետն անցել է ընդդիմության կողմը. նա Երևանից մեկնել է Դուբայ

Սիրիացի դիվանագետն անցել է ընդդիմության կողմը. նա Երևանից մեկնել է Դուբայ

Հայաստանում Սիրիայի դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամը այսօր աշխատանքի չի ներկայացել, և դեսպանատունն էլ չի կարողանում կապվել նրա հետ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով Երևանում Սիրիայի դեսպանատանը:

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի` Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու և նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։

Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում հաստատել են «Ալ-Ջազիրա»-ի տեղեկությունը` ավելի ուշ փոխանցելով, որ սիրիացի դիվանագետը Երևանից մեկնել է Դուբայ` Fly Dubai ավիաընկերության օդանավով։

Հոսամի հայտարարությանը կհետևի նրան դիվանագիտական կարգավիճակից զրկելը:

Հայաստանում Սիրիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը հետևեց Բելառուսում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրաքում հավատարմագրված սիրիացի դիվանագետներին, որոնք ավելի վաղ էին հայտարարել ընդդիմությանը միանալու մասին: