Home / Հայաստան / 2013թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերը ավելի քիչ պետտուրք կվճարեն

2013թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերը ավելի քիչ պետտուրք կվճարեն

Հուլիսի 28-ից ուժի մեջ է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված լրացումը, որը վերաբերում է  խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար պետտուրքի վճարմանը: Ըստ այդմ, մինչև 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացող խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել և շարունակել գործունեությունը, հաղորդում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:

Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև տարեսկիզբը` լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:

Խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար 2012թ. վճարման ենթակա տուրքի չափը մինչև 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար կորոշվի «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված տարեկան պետտուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2012 թ. ընթացքում հերթական պետտուրքի վճարման ամսվանից մինչև 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

«Պետական տուրքի մասին» օրենքով յուրաքանչյուր վայրում շահումով խաղեր կազմակերպելու համար սահմանված է տարեկան պետական տուրք` բազային տուրքի 5000-ապատիկի (5 մլն դրամ), իսկ խաղատուն կազմակերպելու համար` բազային տուրքի 25000-ապատիկի չափով (25 մլն դրամ):