Home / Հայաստան / Պուրակի տեղում թատրո՞ն կկառուցեն

Պուրակի տեղում թատրո՞ն կկառուցեն

20 տարվա պատմություն ունեցող, բայց այդպես էլ սեփական շենք չունեցող պետական Համազգային թատրոնը շուտով կունենա իր տանիքը: Դրա բանավոր կարգադրությունը տվել էր դեռ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը` «Արտ էքսպոյի» ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, որին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցում էին նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ինչպես նաև մի շարք մտավորականներ, թատերական աշխարհի գործիչներ: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Թերթը նշում է, որ հնարավոր է, որ Համազգայինի նոր շենքը կառուցվի Մաշտոցի պուրակի և Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում:

Ճարտարապետների կարծիքը թատրոնի շենքի կառուցման հարցում կիսվել, և եթե Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ շենքի կառուցման վայրը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին, ապա ճարտարապետ Գուրգեն Մուշեդյանի կարծիքով` տարածքը քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում:

«Հիմնական խնդիրն այն է, որ առաջին գլխավոր հատակագծից մինչև այսօր դա եղել է որպես պուրակ, բայց պուրակը պետք է շարունակություն ունենա և դուրս գա դեպի Հրազդանի կիրճ, պետք է ոչ թե այդ ճանապարհը փակել, այլ ավելի լայն դարձնել, իսկ ժողովրդի այցը դեպի Հրազդանի կիրճ ավելի մատչելի: Երրորդ՝ դա հանրային տարածք է, բացի դա, նման մասշտաբի թատրոնն իր մասշտաբներով չի կարող ներգրավվել այդ միջավայրի մեջ», – «Հրապարակի» հետ զրույցում ասել է Մուշեղյանը: