Գլխավոր / Հայաստան / Բժիշկները խնդրում են Սերժ Սարգսյանին մեղմ վերաբերվել իրենց գործընկերոջը

Բժիշկները խնդրում են Սերժ Սարգսյանին մեղմ վերաբերվել իրենց գործընկերոջը

«Այս տարվա փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության ընթացքում Ֆլորա Աբգարյանի և նրա երեխայի մահը մեծ ցավ է բոլորիս համար: Մահացել է երիտասարդ մայր և նորածին… Անխոս, մեծ ողբերգություն է…»: Այս մասին ասված է «Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» Facebook-յան նախաձեռնություն տարածած բաց նամակի մեջ:

Նամակի հեղինակները նշում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Հոդվածի համաձայն եթե այդ գործողություններն անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, ապա մեղավոր ճանաչվածը պատժվում է ազատազրկմամբ`

2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

«Մենք` բժիշկներս, դիմում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատներին` հայտնելով մեր ցավակցությունը և բոլորիս անունից ներողություն խնդրում կատարվածի կապակցությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը բժշկի նկատմամբ, որը, համոզված ենք, չի ցանկացել նման վերջաբան: Ցանկացած բժշկի համար թանկ է իր հիվանդը և այս դեպքը կարող էր պատահել ցանկացածիս հետ, և´ որպես բժիշկ, և´ որպես մարդ, որ ունի հարազատներ: Անսխալական մարդ չկա և չկա անսխալական բժիշկ, բոլորս ենք սխալվում… Համոզված ենք, որ մինչև վերջին

պահը բժիշկը պայքարել է Ֆլորայի և մանկան կյանքի համար և նրա սիրտն էլ հարազատի պես ցավում է այժմ… Եկեք հնարավորություն տանք բժշկին վերադառնալու հասարակություն և փրկելու կյանքեր… Ճաղերի ետևում նա ոչ ոքի օգուտ չի տա, իսկ ազատության մեջ հնարավորություն կունենա իր գործով և կյանքերի համար պայքարելով ուղղել իր սխալը…

Դիմում ենք նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հարգելի Պրն. Նախագահ, հաշվի առնելով վերը նշվածը և նաև, որ բժիշկ Վլադիմիր Մյագկովն ունի ընտանիք և երեխաներ ու չի հանդիսանում վտանգավոր հանցագործ, այլ ճիշտ հակառակը` մարդ է, որը ողջ կյանքը մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր փրկել, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ:

Բոլորս ենք սխալվում, չկան անսխալական մարդիկ և չկան անսխալական բժիշկներ…», -ասված է բժիշկների նամակի մեջ: