Home / Հայաստան / BMI-ը լքում է Հայաստանը ցածր եկամտայնության պատճառով

BMI-ը լքում է Հայաստանը ցածր եկամտայնության պատճառով

Բրիտանական British Midland International (BMI ) ավիափոխադրողը դադարեցում է դեպի Երևան չվերթները՝ ծառայության ցածր եկամտայնության պատճառով: Այս մասին Epress.am-ին հայտնել են ընկերության երևանյան ներկայացուցչությունից:

Ըստ Հայաստանում գործող տուրիստական գործակալությունների՝ BMI-ի՝ Հայաստանը լքելու փաստը խիստ բացասական անդրադարձ կունենա Հայաստանի տուրիստական շուկայի վրա: «Geographic Travel» ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի խոսքով՝ BMI-ը կարևոր փոխադրող էր Հայաստանի համար, քանի որ այն թռիչքներ ապահովող 5 խոշորագույն ավիաընկերություններից մեկն էր:

Պետրոսյանը նկատել է նաև, որ ամենաշատը տուժելու են Լոնդոնում կամ բրիտանական քաղաքներում սովորող հայաստանցի ուսանողները, կամ այդ երկրում աշխատող գործարարները, որովհետև BMI-ը միակն էր, որ ուղիղ չվերթներ ուներ դեպի Մեծ Բրիտանիա:

Levon Travel ընկերության տնօրեն Անահիտ Փափազյանը Epress.am-ի հետ զրույցում ևս ասել է, որ փակ սահմանների պայմաններում BMI-ի թռիչքների դադարեցումը էլ ավելի ծանր կացության մե կդնի երկիրը:

«Հայաստանն առանց այն էլ տուրիզմի զարգացման առումով հիանալի վիճակում չէր, քանի որ սահմաններ կան փակ, այժմ արդեն լրիվ վանդակի է վերածվել»,- մեկնաբանելով  BMI-ի որոշումը՝  ասել է Անահիտ Փափազյանը:

Դեպի Լոնդոն չվերթներ BMI-ը իրականացնում էր ամեն օր: