Home / Հայաստան / «Ամեն ինչ նորմալ է». Բրիտանական պարբերականը անդրադարձել է ԼՂՀ-ին

«Ամեն ինչ նորմալ է». Բրիտանական պարբերականը անդրադարձել է ԼՂՀ-ին

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցները սկսում են գրավել հյուրերին, սակայն միջազգային հանրության հիմնական մասի համար այս Հանրապետությունը գոյություն չունի: Այսպես է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին օգոստոսի 21-ին բրիտանական «Գարդիան» պարբերականում հրապարակված հոդվածը սկսում Դեն Պելեսշչուկը:

Ըստ նրա՝ Սպեփանակերտը նման է փոքր հայկական քաղաքի, որը վերելք է ապրում: Քաղաքի հիմնական այգիներն ու զբոսուղիները վերանորոգվել են, տեղաբնակները քայլում են վերակառուցված կենտրոնական հրապարակի շատրվանի կողքով, իսկ յուրաքանչյուր թաղամասում կարելի է նոր հյուրանոց տեսնել, որը պատարստ է ընդունել հյուրերին:

«Պարզապես մի բան կա. Ստեփանակերտը, ինչպես նաև էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իրականում գոյություն չունի: Համաձայն մնացյալ աշխարհի, այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, և ոչ ոք, անգամ Հայաստանը, որը ԼՂՀ-ի ղեկավար պետությունն է, չի ճանաչում այն», – նշում է հոդվածագիրը:

Այնուամենայնիվ, նշում է Պելեսշչուկը, դա չի խանգարել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշել անկախության 20-ամյակը:

Հոդվածագիրն ընդգծում է, դեռևս մի քանի տարի առաջ Ստեփանակերտը փլատակների մեջ էր և տնտեսապես, փաստերեն, գոյություն չուներ: Այսօր քաղաքում կան նոր բանկեր, խանութներ և կառավարական շենքեր: Հանրապետությունում կամաց-կամաց արմատներ է գցում տուրիզմը, ողջ աշխարհից զբոսաշրջիկներ են գալիս փոքրիկ հանրապետություն, որի բնակչությունը մոտ 141 հազար է:

«Բայց այդ շղարշի տակ պատերազմի արհավիրքների մասին հիշողությունն է, որի հետևանքով 30 հազար մարդ է զոհվել և շատերը լքել են իրենց տները: Պատերազմն է միակ պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի», – նշում է Պելեսշչուկը՝ ընդգծելով, որ պատերազմի հիշողությունները կան, դրա վերադարձի վախը միշտ առկա է, իսկ պատերազմի մասին լավագույնս հիշեցնում է Աղդամը՝ նախկին ադրբեջանական բնակավայրի ուրվականը, որը, ինչպես գրում է հոդվածի հեղինակի, հայկական ուժերը գետնին են հավասարեցրել 1993 թվականին:

Ամեն դեպքում, Ղարաբաղի հասարակ հայերը փորձում են օգուտներ քաղել հետպատերազմյան համեմատական կայունությունից, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ չնայած վերջին ամիսներին սահմանային գոտում լարվածությունը մեծացել և դա հանգեցրել է զոհերի, բայց, օրինակ, գործարար Աշոտ Ստեփանյանը, ով վարձով բնակարաններ է հանձնում, նշում է, որ օտարերկրացիները շարունակում են այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Նրանք, ովքեր գալիս են այստեղ, իրականում սիրահարվում են երկրին: Մենք ունենք այն ամենը, ինչ հարկավոր է զբոսաշրջիկին: Այստեղ ամեն ինչ նորմալ է», – նշում է Ստեփանյանը: