Home / Հայաստան / Զորացրվելուց հետո մահացած տղայի մոտ լեյկոզը հայտնաբերել են դեռևս բանակում

Զորացրվելուց հետո մահացած տղայի մոտ լեյկոզը հայտնաբերել են դեռևս բանակում

Հայաստանի զինված ուժերից այս տարվա հունիսի 28-ին զորացրված 20-ամյա Թաթուլ Մխիթարյանը, ով տուն վերադառնալուց մոտ երկու ամիս անց՝ օգոստոսի 21-ին մահացել էր լեյկոզից, առողջական խնդիրներ է ունեցել դեռ բանակում ծառայելու ժամանակ, և ջերմությունը իջեցնելու համար իրեն տվել են անտիբիոտիկներ:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սանդիկյանը, ում այդ տեղեկատվությունը տրամադրել են Թաթուլի ծնողները:

Նրանք ասել են նաև, որ առաջին անգամ տղային տարել են բժշկի հուլիսի 4-ին: Երբ նրա մոտ լեյկոզ է հայտնաբերվել, հարազատները հաշվեհամար են բացել, որպեսզի փող հավաքվի նրան արտասահման բուժման ուղարկելու համար:

Արմինե Սանդիկյանը հայտնել է, որ իրենք դիմել են Պաշպանության նախարարություն՝ իմանալու համար՝ արդյոք բանակում տղային համալիր բժշկական զննության ենթարկել են, և եթե այո, ապա ինչ են հայտնաբերել և բուժելու համար ինչ միջոցներ են ձեռնարկել:

Հարցում է եղել նաև, թե արդյոք նախարարությունը պատասխանատվություն կրում է նոր զորացրված զինվորների առողջության համար: