Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանի համար Ավանում «բաց ու թափանցիկ» ստորագրահավաք են սկսել

Ռուբեն Հայրապետյանի համար Ավանում «բաց ու թափանցիկ» ստորագրահավաք են սկսել

Երևանի Ավան թաղամասում ստորագրահավաք է անցկացվում, որի նպատակն է  «փոշմանեցնել» ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատը վայր դնելու հարցում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Հիշեցնենք, որ Հայրապետայնը մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին հայտնել էր, երբ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկները: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, 12 օր անց մահացել էր հիվանդանոցում:

«ՀԺ»-ն նշում է, որ տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»:

«Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա ԱԺ նախագահից հետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է…» և նմանատիպ լոլոներ: Հայտնի է նաև մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլև ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից և այլն: Մեր տեղեկություններով, այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի: Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով` ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա, տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները և քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»», – գրում է թերթը:

«ՀԺ»-ն գրում է, որ Ավանում ստորագրահավաքը սկսվել է հենց իշխանական վերնախավի «դաբրոյով», քանի որ վերոնշյալ բանդաները երբեք ինքնուրույն չեն գործում:

«Հնարավոր է, որ հանրային դժգոհության նոր ալիքի կանխատեսմամբ՝ ստորագրահավաքը որոշեն դադարեցնել: Առաջիկա օրերին դա կպարզվի», – եզրափակում է օրաթերթը: